Էջ:Barpa Khachik.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե ուզեի, աղջի՞կ կպակսեր ինձի,— ըսավ ան,— ֆլաման, վալոն, ֆրանսուհի, ինչքա՜ն որ կուզես, ձեռքդ կպագնեն անանկ կառնեն, մատի նշան մը ընեմ, բավական է… բայց ես սպասեցի, որ պատերազմը վերջանա, Պոլիս գամ, համով֊հոտով հալ աղջիկ մը առնեմ։


Երկու կիները ձայնակցեցան գորգի վաճառականին, օտարուհիի հետ ամուսնությունը լավ հետևանք չէր ունենար, անոք ի՞նչ կհասկնային մեր իղձերը, փափագները, ճաշակները, հայը հայու հետ պիտի ամուսնանա։


— Եկու նայե, որ ուզածիս պես աղջիկ մը չի գտա,— ըսավ գորգի վաճառականը,— ա՜յ,— ըսավ անիկա,— տիկին Զարուհիին պես մեկը գտնայի, ետև– առաջք չէի նայեր, կկարգվեի։


Ազգականուհին նշանակալից ակնարկ մը նետեց տիկին Զարուհիին և հետո անկե հարկ եղած նշանը ստանալով, արձակեց իր առաջարկութլունը.


— Մեր տիկին Զարուհին ալ իշտե ճիշտ իրեն նմանակ աղջիկ մը ունի։


— Ահ,— մրմնջեց գորգի վաճառականը և սկսավ ղգույշ դառնալ։ Կարծես ծուղակը պիտի իյնար և խուսափեց վտանգեն։ Անոր աչքերը դարձան աղոտ, զվարթությունը ցնդեցավ և կասկածոտ ակնարկներ ուղղեց տիկին Զարուհիին, ինչպես առևտուրի մեջ ապրանք ներկայացնող մարդու վրա։


Սակայն անիկա հնազանդեցավ իր ազգականուհիին, երբ միասին գացին տիկին Զարուհիին այցելության։ Անիկա Մաննիկի հետ վարվեցավ հարգանքով, բայց ցրտությամբ։


Վերջին առանձին տեսակցության տիկին Զարուհիին հետ, որ տեղի ունեցավ Թոգաթլյանի ճաշարանը, քանի մը շիշ գինի պարպելն հետո, մինչ տիկին Զարուհին անհամբեր կսպասեր փեսացուին հայտարարության, անիկա ըսավ.


— Արևդ սիրեմ, տիկին Զարուհի՛ս, քեզի զոքանչ ունենալը շատ անուշ բան է, բայց աղջիկդ իմ ճաշակովս չէ, ի՞նչ մեղքս պահեմ, ես անկեղծ մարդ եմ, նորեն կըսեմ, նորեն կըսեմ, պետք ըլլա, քեզի հետ կկարգվիմ, օրիորդ Մաննիկը շատ ազնիվ և սիրուն օրիորդ է, ըսելիք չունիմ, բայց իմ իդեալս չէ։