Էջ:Barpa Khachik.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկին Զարուհին շաբաթներով չի կրցավ մեղմացնել իր զայրույթը։ Անիկա առողջությունը կորսնցուց, հոդացավը կտանջեր զինքը, իսկ զայրույթը գլխու սաստիկ ցավեր կպատճառեր, որ կտևեր երբեմն երկու օր և որու միջոցին ո՛չ լույսի կրնար հանդուրժել, ո՛լ ձայնի։ Իսկ եթե վարձեր ոտքի ելլելու, գլխապտույտ կունենար։


Մաննիկը ստիպվեցավ մորը մոտ մնալ խնամելու համար։ Տիկին Զարուհին երբեմն կհասներ զայրույթի գերագրգռության և կկշտամբեր աղջիկը, կանիծեր իր բախտը, աշխարհիս բոլոր փեսացուները և կարգահատեր ինքը իր վրա։


— Ես ի՞նչ ըրեր Էի,– կգոռար ան,– որ աստված ինձի այսպես պատժեց… Ես այս տարիքիս, փոխանակ այլևս հանգստանալու, ինչո՞ւ պիտի ենթարկվեի ասանկ չարչարանքի. վա՜խ քեզի, Զարուհի՛, մե՛ղք քեզի… ճակատդ աս գրված Է եղեր… երանի թե ժամանակին մեռնեի, այս օրին չի հասնեի։


Երբեմն ալ մեղմորեն կգանգատեր.


— Ա՜խ, Մաննի՛կ, պիտի գա՞ արդյոք այն օրը, որ գլուխս հանգիստ բարձին դնեմ, ըսեմ՝ օ՜խ… աղջիկս կարգվեցավ, տեղավորվեցավ, ես ալ կուշտուկուռ հանգիստ քուն մը քնանամ…


— Մամա՛, մամա՛,— կըսեր Մաննիկը,— ինչո՞ւ ինձի համար այդքան հոգ կընես, եթե չամուսնանամ ի՞նչ կըլլա…


— Ատ մեկը մըսեր,— կգոչեր տիկին Զարուհին ինքզինքմեն ելած,— ատկե մեծ դժբախտություն չի կա մոր մը համար։


Գորգի վաճառականը մեկնեցավ Պոլսեն առանց ամուսնանալու, և որովհետև տիկին Զարուհին անոր ազգականուհիին, որ հին բարեկամուհի մըն Էր, ըսեր Էր նախատական խոսքեր, ան ալ ըսեր Էր, որ կաղ աղջիկը չի կրնար քշելուն համար ամոթ Էր ուրիշին վրա հանցանք բեռցնել։


— Մաննի՛կ,— կըսեր տիկին Զարուհին՝ զայրույթեն խեղդվելով,– աս ինչպես կըլլա, որ բարձր ընտանիքներս եվրոպացի ամեն ազգերե սպաները քեզի կհավնեին, խենթ կըլլային վրադ, ատ հայու կտորը պակասություն կգտնե կոր։


— Հանցանքը ի՞մս Է, որ կաղ եմ. Ալբերը կըսեր, որ կանացի հատուկ շնորհ մը կուտա ինձի կաղալը…