Էջ:Barpa Khachik.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջապես հաջողեցավ մտնել քաղաքին էլեկտրական ցանցի կեդրոնական վարչության մեջ՝ որպես քարտուղարուհի։


Անիկա այլևս համբերությամբ կկրեր հակասական տրամադրությունները, անտարբերությամբ կթողուր, որ մայրը հուսադրվի կամ հուսահատի իր ամուսնության հարցերով, առանց այլևս մազաչափ շահագրգռվելու այդպիսի խնդրով։


Պատերազմի և զինադադարի տարիներուն իր վարած արկածալից կյանքը, բայց մանավանդ, ամուսին մը ձեռք բերելու համար իր մորը կատարած որսորդությունը, որուն երբեմն կամա, երբեմն ակամա մասնակցեր էր, այդ անփառունակ օրերու հիշողությունը զինքը կլեցներ ամոթով և զզվանքով։ Անիկա կուզեր իր կորսնցուցած անհատական արժանապատվությունը կրկին ձեռք բերել և ապրիլ հաշտ՝ ինքզինքին հետ։


Այս տրամադրությունը, որ հետզհետե կհաստատվեր իր մեջ, փոխեր էր Մաննիկի արտահայտությունը և կարծե՝ նույնիսկ դիմագծերը։ Անոր դեմքը կորսնցուցեր էր իր կոր գծերը, այտերը թեթև մը խոռոչացեր էին, իսկ գեղեցիկ աչքերը, որոնց ծիածանին վրա կփալփլային ոսկեգույն արատները, կարծես թե վարագուրվեր էին տխրությունով։ Այսուամենայնիվ, անիկա իր հոծ և գանգուր շագանակագույն մազերով, որոնք կարճ կտրած էր պատերազմի միջոցին և որոնց խոպոպները կիյնային ծոծրակին վրա, սրտառուչ գեղեցկություն մը ստացեր էր, որ ուշադրությունը կգրավեր նրբաճաշակ տղամարդկանց։ Բայց Մաննիկը այնպիսի ծանր և տաժանելի հիշատակ պահած էր տղամարդկանց մտերմություններեն, որ կզգուշանար նույնիսկ պարզ բարեկամական կապ պահպանել իր գրասենյակին մեջ աշխատող գործի ընկերներու հետ։ Բոլոր այն մարդիկը, որոնց հետ կապ ունեցեր էր, միայն զզվանքի և ամոթի զգացողություններ կարթնցննին իր մեջ։ Անիկա հաճույքով կհիշեր միայն Ալբերը, բայց մանավանդ Միհրանը, որուն դեմքը կպայծառանար և կգեղեցկանար իր հիշողության մեջ։


Անիկա կհիշեր Միհրանը այն առաջին օրեն, ֆեսով և երկար տաբատով, որ տեսել էր պարտեզին երկաթյա ցանկապատի ետև իր մորեղբորը հետ, որմե կհիշեր միայն հաղթ