Էջ:Barpa Khachik.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասակը և այտերուն խոր ակոսները։ Կտեսներ նաև ինքզինքը, փետուրի պես աղջիկ, թեթև և շնորհալի, որ թիթեռնիկի պես անհոգ կապրեր՝ առանց մտքեն իսկ անցընելու, թե կյանքը ի՞նչ էր վերապահած իրեն համար։ Եվ մտածելով այն ժամանակվա վարդագույն հագուստով զվարթ և անհոգ երեխային, որուն մեջ կպարունակվեր իր դառն ճակատագիրը, կգթար ինքն իր վրա և ավելի խորը կմխրճվեր տխրության մեջ։


Հետզհետե Մաննիկը կտեսներ Միհրանը ինչպես որ էր: Եթե ինքը չըլլար այն հիմարը, որ եղեր Էր, անտարակույս անիկա կդառնար իր կյանքի ընկերը, և միասին կապրեին, սիրով և գուրգուրանքով, աշխատանքի թերևս չարքաշ, բայց պարկեշտ կյանք մը։


Մաննիկը երբեմն Միհրանին վրա կմտածեր ինչպես անհետ կորած մեկու մը մասին, որուն կորուստին ցավը կզգար սուր կերպով, երբեմն ալ անիկա իրեն կթվեր մերձավոր, ինչպես մեկը, որուն հանդիպիլը հնարավոր Է։ Իսկ եթե այս անգամ անիկա հանդիպեր Միհրանին, իրենց հարաբերությունները բոլորովին ուրիշ կըլլային։ Մաննիկին մեջ աստիճանաբար խարսխեցավ այդպիսի հանդիպումը իրագործելու մտադրությունը, ինչ որ նպատակ մը դարձավ իր աննպատակ կյանքին մեջ։ Անիկա ունենալով այդ թաքուն ձգտումը, այս անգամ բոլորովին փոխված հոգիով, սկսավ եռանդով աշխատիլ և հաճախակի ստանձնել արտաժամյա աշխատանքներ։ Մաննիկը մորմեն գաղտնի կպահեր խնայողությունները և ամեն անգամ, որ գումար մը կավելցներ, կարծես կմոտենար իր նպատակին։ Բայց անոնք այդ ճամփորդությունը կատարեցին, երբ դեռ բավականին դրամ չունեին, որովհետև քաղաքական դեպքերը կրկին արհավիրքով կլեցնեին Կ. Պոլսո ամեն ազգերու պատկանող ազգաբնակչությունը:


Տիկին Զարուհին մինակը զբաղեցավ ճամփորդության պատրաստություններով, անիկա առեր Էր երրորդ կարգի տոմսակներ ֆրանսիական շոգենավի մը համար, բայց անգամ մը շոգենավ մտնելե հետո տիկին Զարուհին գտավ շոգենավի կոմիսարը և անոր հայտնեց, թե Կյոզենցին ազգա-