Էջ:Barpa Khachik.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանն էր և այդ հիման վրա փոքր վարձքի մը փոխարեն խնդրեց փոխադրվիլ երկրորդ կարգը։ Բարեբախտաբար, կոմիսարը Կյուլենցի ծանոթն էր և երկու կիները տեղավորեց պատշաճ կերպով։


Շոգենավը լիքն էր Կ. Պոլսեն գաղթող հայ ընտանիքներով. տիկին Զարուհին և Մաննիկը միացան այդ գաղթողներուն, կապեր հաստատեցին և անոնց հետ, առանց Մարսիլիա կանգ առնելու, հասան Փարիզ։ Գաղթող ընտանիքներեն շատերը ազգականներ ունեին Փարիզի մեջ, ոմանք եկեր էին կայարան։ Անոնցմե մեկը, աշխույժ երիտասարդ մը, հանձն առավ տեղավորել տիկին Զարուհին և աղջիկը Մոնժ փողոցը, պարկեշտ տան մը մեջ, ուր իր մայրը և քույրը ապրեր էին ժամանակով։


Քանի մը օր մայր ու աղջիկ մոռցան իրենց սովորական հոգերը և զբաղեցան տեղավորվելու և քիչ մը գոնե ծանոթանալու մեծ քաղաքի կյանքին։ Հետո պետք էր, որ առանց ժամանակ կորսնցնելու գործ գտնեին։ Փարիզ ժամանման երկրորդ օրն իսկ Մաննիկը ուրիշ գաղթական հայուհիի մը հետ սկսավ գործ որոնելու արշավը, մինչ մայրը, հասցեներու ցանկի մը համեմատ, այցելություններ կըներ հին գաղութին պատկանող հարուստ ընտանիքներու, որոնց հետ ժամանակով կապեր ունեցած էր։ Տիկին Զարուհին ամեն տեղ կգտներ սառուցիկ մթնոլորտ և անտարբեր դեմքեր, կարծես, իր տեսած հին ծանոթները կվախնային վարակվելու տիկին Զարուհիին չքավորութենեն։


— Ինչքա՜ն ճիշտ խոսք է եղեր,— ըսավ ան,– որ աղքատին երեսը պաղ կըլլա…


Անոնք երկուքն ալ երբեք այդքան բիրտ կերպով չէին զգացեր, որ աստիճանաբար սահեր էին աղքատ մարդոց շարքը, որքան Փարիզի մեջ։ Արմատախիլ լինելով իրենց միջավայրեն, անոնք կորսնցուցեր էին ամեն ինչ և կմնային, մայր ու աղջիկ, անպաշտպան և իրավազուրկ, իրենց քսակին մեջ ունենալով քիչ մը դրամ, որը հազիվ կրնար բավել մեկ ամիս՝ խիստ խնայողությամբ ապրելու համար այդ տգեղ սենյակին մեջ, որուն հասարակ կարասիները, տևական խոնավության հետևանքով, բորբոսի հոտ և թշվառություն կարտաշնչեին։