Էջ:Barpa Khachik.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մաննիկի հովանոցին տակ։ Անոր ձեռքին վրա կպսպղար ամուսնական մատանին:


— Չե՞ր ամչնար,— մրմնջեց Մաննիկը սեղմված ատամներով:


— Մի՞թե ամոթ Է մեծարանք ընել գեղեցիկ օրիորդի մը,֊ ըսավ անծանոթը։


Անիկա հառաչեց և ցանկությամբ վառված աչքերով դիտեց Մաննիկի հակած դեմքը։


— Օրիորդը օտարական Է,— ըսավ անիկա կարծես աճող հետաքրքրությամբ։— Ռո՞ւս… այո՞… ո՞չ…


Ավտոբուսը եկավ լիքը։ Ոչ ոք չիջավ։ Երրորդ անգամն Էր։ Մաննիկը ճարահատ ճամփա ելավ։ Անծանոթը կհետևեր իրեն և կշարունակեր մրթմրթալ: Երբեմն կհաջողեր Մաննիկի քովեն քալել, բայց երբեմն ալ կարծես դիտմամբ ետ կմնար, այդ պահերուն Մաննիկը կմտածեր, թե ազատված Է, քայլերը կամրացներ, գլուխը կբարձրացներ, ակամա կհետաքրքրվեր ցուցափեղկերու մեջ, լույսերու շողշողումի տակ տարածված պերճանքի առարկաներով: Ճիշտ այդ պահերուն, իրեն հետևող մարդը կհայտնվեր կրկին։ Վերջապես, Մաննիկը դիմեց իր սովորական միջոցին, փողոց մը հարցնելու պատրվակով անիկա մոտեցավ սերժանի մը, և մինչ պելերինով ոստիկանը մանրամասն տեղեկություններ կուտար, անծանոթը անհետացավ։


Մաննիկը հոգնած Էր ֆիզիկապես և բարոյապես, բայց իր երիտասարդական ավյունը կմտրակվեր այն հազարումեկ երևույթներեն, որ Փարիզի այդ եռուզեռ փողոցները կնծայեին։ Հոծ բազմություններ կանցնեին երկու մայթերուն վրայեն, լուսաշող ցուցափեղկերու անընդհատ հաջորդության առաջքեն։ Փողոցին մեջտեղեն կանցնեին, գրեթե իրար կպած, ավտոբուսները, տրամվայները և տաքսիները, և անոնց ընթացքին խլացուցիչ որոտումը կբռներ մթնոլորտը։ Անցորդներեն շատերը կշտապեին, ոմանք ժպտուն, ոմանք անտարբեր և ոմանք ալ անձկալի դեմքերով։ Մաննիկը հիմնարկության մը վրա տեսավ ժամացույցը, մեծ սլաքը թրթռալով կմոտենար տասներկուքին, մինչ փոքրը կարծես կանգներ Էր յոթին վրա։ Անիկա մտածեց, որ այժմ մայրը իրեն կսպա-