Էջ:Barpa Khachik.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զեր ընդունիլ այդ ամուսնության ծրագիրը, և տիկին Զարուհին միայն կխորհեր «այդպիսի մարդոց» հետ խնամություն հաստատելու անպատեհություններու մասին. բայց տիկին Զարուհին այդ կնճիռն ալ պարզեց իր միտքին մեջ՝ մտածելով, որ պատերազմը և անոր հետևանքները շատ բան փոխեր էին կյանքի և կենցաղի մեջ և թե, վերջապես, Կ. Պոլսեն հեռու, Փարիզի մեջ, այդպիսի անհարմար խնամությունը անպատեհություններ չէր ներկայացներ։


— Մորեղբորը խոսքը ըրա՞վ,— հարցուց տիկին Զարուհին Մաննիկին, մինչ այս վերջինը կծուլանար իր աթոռին վրա:


— Այո՛, այո՛, ինչպես չէ, — ըսավ Մաննիկը հապճեպով,— մորեղբայրը և կինը կբնակին եղեր շրջակայքը. հարցուցի, ըսավ, որ վիճակնին շատ լավ է։


— է՜հ, Մաննի՛կ,—ըսավ տիկին Զարուհին, հազիվ զսպված սրտմտությունով,— այդ տեսակ մարդոց համար օր մը բացված է, մեզ նման մարդոց համար տեղ չի կա…


Հետո պահ մը մտածմունքի մեջ խորասուզվեցավ և ավելցուց.


— Ըսել է, մորեղբայրը քաղաքեն դուրս է, այսօր ալ կիրակի է, չե՞ս կարծեր, որ հոն երթա։


— Ատանկ բան մը չըսավ,– հարեց Մաննիկը՝ ակամա հուզվելով,— ըսավ, որ անպատճառ կուգա:


Մայր ու աղջիկ մտածեցին, որ Միհրանը կարող էր առավոտյան ժամերուն այցելության գալ, և շտապեցին սենյակը կարգի դնելու։ Տիկին Զարուհին աշխուժով կաշխատեր, կարծես իր հոդերուն մեջ յուղ կաթեցուցած էին, իսկ Մաննիկը մորը օգնելե հետո գնաց քրիզանթեմներ գնելու։ Երբ էրկին բարձրացավ չորս հարկը, խորհեցավ, որ թերևս Միհրանը սենյակը կգտներ, և ծաղիկները գրկած՝ որոշ կեցվածք ստացավ ներս մտնելե առաջ։


— Դուն ամենեն առաջ սա կոշիկներդ հագիր,– ըսավ մայրը։


Փարիզ հասնելե հետո անոնք, ծանոթի մը խորհուրդով, դիմեր էին օրթոպեդի մը, որ հատուկ կոշիկներ պատրաստեր էր Մաննիկին համար: Այդ կոշիկները իրավամբ աննշմարելի