Էջ:Barpa Khachik.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կդարձնեին Մաննիկի կաղությունը, բայց սաստիկ կհոգնեցնեին զինքը։ Այսուամենայնիվ, Մաննիկը հլությամբ կատարեց մորը պատվերը և հետո սկսավ բերած ծաղիկները տեղավորել ծաղկամաններու մեջ։


Սենյակը ստացեր էր հաճելի երևույթ, և երկու կիները ժամը տասնեն մինչև տասներկու սրտատրոփ սպասեցին։ Տիկին Զարուհին մեջտեղ հաներ էր փոքրիկ ամանով չևիրմե, ատիկա իր գլուխ֊գործոցն էր, շաքարի խյուսը գունավորելու և անոր համ տալու համար կգործածեր չոր նուշի կճեպները, որոնք երկու-երեք ժամ կխաշեր. այդ խտացած հյութը շաքարի խյուսին կուտար բաց լիլայի գույն և վանիլի ու հելիոտրոպի տարտամ բուրումը։ Ոչ ոք կարող էր գուշակել, որ այդ երանգը և համը ձեռք կբերեր տիկին Զարուհին նուշի ծակոտկեն կճեպներով, և անիկա ժպտելով կմտածեր, թե այս անուշեղենը հանելուկ մը պիտի ըլլար Միհրանին համար։


— Գուշակե՛, տեսնեմ,— պիտի հարցներ,— իչո՞վ է պատրաստված։


Կեսօրին անոնք ոտքի վրա բան մը կերան, որովհետև չուզեցին խանգարել սենյակին սարքավորումը։ Բայց արդեն դեռ չի խոստովանված մտահոգություն մը կսպրդեր տիկին Զարուհիին սրտին մեջ. այդ մտահոգությունը, կարծես, թեթև մը կդպեր սրտին լարերուն և կհեռանար։


— Առավոտուն չեկավ նե, ժամը չորսին ատենները կուգա,— ըսավ տիկին Զարուհին, իրենց սպասումին ավելի դադար մը տալու համար, քան թե անկեղծ կարծիքով։


— Ըսել է, թեյի համար պատրաստություն պետք է տեսնենք,— ըսավ Մաննիկը։


Անիկա մորը թղթապանակեն, որ հորմեն մնացած հիշատակ մըն էր, դուրս հանեց բոլոր թղթադրամները և սկսավ հաշվել։ Բայց տիկին Զարուհին հիսուն ֆրանկնոց մը դրավ աղջկանը առաջ և ըսավ.


— Ասիկա առանձին պահեր էի նեղ օրի համար, ավելի աղեկ է, որ ուրախ օրի գործածենք։


Մաննիկը կրկին իջավ, անցավ փողոցը և հանդիպեցավ երեք խանութ, իր գնումները ամբողջացնելու համար։ Անի֊