Էջ:Barpa Khachik.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յորկին, կարծես թե երեխայական խաղի մեջ էր, կզվարճանար։


Երբ հասան Բրոկա փողոցը, Բարպան ներկայացավ դռնապանուհիին, որ պեխավոր, հասակը առած, գեր կին մըն Էր և որ կարծես կասկածով նայեցավ ալեհեր օտարականին վրա։ Եվ իրավամբ, Բարպան, իր դեռ առույգ երևույթով, բայց ծերության հայտարար նշաններով, դռնապանուհիին թվեցավ, իր կարդացած վեպերու հերոսներուն նման, տեսակ մը ծպտված ավազակ, անհասկնալի և խորհրդավոր մարդ։


— Գրավ կդնեմ, որ թիապարտութենե վերադարձած մարդ Է,– ըսավ անիկա բակին մեկ մութ որջին մեջ տեղավորված լվացարարուհիին, որ իր խորշեն դուրս Էր եկեր՝ դիտելու համար նորեկները։


Ավելի ուշ այդ բանվորական տան երկու պահապան կիները բոլորովին հաստատվեցան այն կարծիքին մեջ, որ «այդ մարդիկը» կասկածելի Էին։ Կասկածելի Էր անոնց քաղաքավարությունը, որ չէր համեմատեր անոնց նյութական վիճակին, կասկածելի էր տղամարդոց՝ Բարպայի և Միհրանի, երբեք հարբած չլինելը, կասկածելի էր Վիկտորյայի վայելուչ, քիչ մը հնամենի արդուզարդը, բայց, մանավանդ, վերապահությունը, և կասկածելի էր Միհրանի մաքուր գրական ֆրանսերենը… և, վերջապես, այն հանգամանքը, որ իրենց երկիրը թողեր և եկեր էին Ֆրանսիա…


— Կարգին մարդը ինչո՞ւ իր երկիրը պիտի թողու, հայրենազուրկ դառնա…— կըսեր տիկին Մորենը, պեխավոր դռնապանուհին։


— Ես միշտ այդ ըսած եմ,— կպնդեր տիկին Լամբերը, լվացարարուհին, որուն կավի պես ճերմակ լայն դեմքը ծածկված էր խորշոմներով, ինչպես կաթնապուրի երես։– Կյանքի մեջ կա բարձրանալ և իյնալ, բայց լավ մարդը իր տեղը կմնա…— ըսավ ան,— ես նույնիսկ չուզեցի իմ թաղը փոխել, երբ դիրքս կորսնցուցի։


Այդ «դիրքը», որուն հաճախ կակնարկեր տիկին Լամբերը, այն էր, որ եղեր էր փողոցի աղիճ Սեն-Միշելի թաղին մեջ, հետո, քսան տարի եղեր էր ճարտարապետի մը սիրու–