Էջ:Barpa Khachik.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսավ դառնորեն մտածել։ Անիկա մտքովը խիստ կշտամբանքներ կուղղեր Միհրանին, կմեղադրեր երիտասարդը իր տգիտության համար, կխղճար իր վրա, մորը վրա, և այրող արցունքներ կթրջեին իր թարթիչները, հետո կմտածեր նաև հավանական արկածներու մասին, կերևակայեր Միհրանը վիրավորված, թերևս մեռած, և ցուրտ սարսուռ մը կանցներ ամբողջ մարմնեն:


Առավոտյան կանուխ Մաննիկը դուրս նետվեցավ անկողնեն, անիկա գրեթե չէր քնած. արտևանունքը կարմրած էին, աչքերուն տակ սև ծիրը կտարածվեր մինչև այտերուն վրա։ Տիկին Զարուհին անվերջ կտքար և կգանգատեր գլխի ցավեն։ Մաննիկը մորը կաֆեն եփեց, հրամցուց և քնքուշ խոսքերով ջանաց անոթ սիրտը առնել և ստիպել, որ մայրը նախաճաշե: Բայց ան հազիվ թե աղջկանը ստիպումներով սուրճը խմեց, մեծ գալարումներով փսխեց ոչ միայն խմած կաֆեն, այլև ստամոքսին մեջ լճացած մաղձը։


- Ինձմե քեզի կտակ,— ըսավ ան կերկեր ձայնով,— ես կմեռնիմ կազատիմ, դուն ատ թուլումբաճիին երեսը չի նայիս, կյանքիդ մինչև վերջը։


- Մամա՛,— ըսավ Մաննիկը մեղմ ձայնով,— կարելի է հիվանդացավ, բան մը եղավ։


- Թո՛ղ սատկի,- գոռաց տիկին Զարուհին,— ոտքը կկոտրեմ, եթե աչքիս երևա։


Երբ Մաննիկը առավոտյան թերթը բացավ, որ կաթնավաճառը ամեն առավոտ կաթին հետ կգներ սեմին վրա, տեսավ, որ ցույց է եղեր նախորդ օրը, և մտածեց, որ թերևս այդ էր պատճառը Միհրանին չի կրնալ գալուն, բայց չի համարձակվեցավ մորը խոսիլ այդ մասին։ Մայրը միշտ կտքար, և շրթները անվերջ անեծքներ կմրմնջեին։


Ահա թե ինչո՞ւ, երբ հետևյալ իրիկունը Մաննիկը իրենց դռանը սեմին վրա տեսավ Միհրանը, փոխանակ ներս հրավիրելու, սարսափած գնաց մոր մոտ՝ «մամա, մամա» գոչելով։


Տիկին Զարուհին, սակայն, բոլորովին տարբեր վարվեցավ Միհրանին հետ, քան թե Մաննիկը կկարծեր՝ մորը առավոտյան ըսած խոսքերեն դատելով: