Էջ:Barpa Khachik.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ըսել է Հայաստանը կա՞ և կմնա՞,— ըսավ տիկին Զարուհին։


— Անշուշտ, և շաբաթե-շաբաթ, օրե-օր անիկա կվերակառուցվի,— ըսավ Միհրանը և հետո կարգ մը տեղեկություններ տվավ։


— Օ՜խ, օ՜խ, շատ ուրախ եմ,– կըսեր տիկին Զարուհին,– մենք ալ հայ ենք վերջապես, մեզի ալ պատիվ է… ե՞րբ է այդ տոնախմբությունը,– հարցուց անիկա։


Միհրանը թվականը ըսավ։


— Անպատճառ Մաննիկին հետ կուգամ,— ըսավ տիկին Զարուհին,– շիտակը ատ խոսքերովդ ինձի շատ ուրախացուցիր,— ըսավ անիկա։


Հետո խոսեցավ ուրիշ խնդիրներու վրա։ Հետաքրքրվեցավ Միհրանի գործով, ստացած ռոճիկով և հարցուց Բարպայի մասին.


— Օր մը կուզեմ այցելության երթալ ձեր մորեղբորը և կնոջը. կարծեմ հույն է… այնպես չէ՞… է՛հ, ի՞նչ կըլլա, հիմակ ատ բաները վերցած են… ամեն ազգի մեջ աղեկը աղեկ է, գեշը գեշ է. ճիշտ է, որ Պոլիս եղած ատեննիս երթալ֊գալ չունեինք քու պատվական մորեղբորդ ընտանիքին հետ, բայց ես միշտ փափագած եմ… իշտե չէ հարմարած. հոգ չէ՛, այստեղ իմ պարտականությունս է առաջին այցելությունը ընել։ Եվրոպական սովորությամբ, դուրսեն եկողը առաջին անգամ կայցելե, այդ կնշանակե, որ դրսեն եկողը կփափագի հարաբերություններ հաստատել։


Միհրանը հետաքրքրվեցավ Զարեհ էֆենդիով։


— Շատոնց մեռավ, անիկա,— ըսավ տիկին Զարուհին հազիվ զսպված գոհունակությամբ,— երկու տարի մը կա… վերջապես գետնին տակը անցավ, գող-ավազակը,— ըսավ անիկա հրայրքով,— ի՞նչ տարավ հետը, ինչի օգուտ ունեցան իր ըրած խարդախությունները, գողությունները,— ըսավ ան հետզհետե բորբոքվելով։— Գնաց կորավ, երթա բարով, քար մըն ալ ետևեն…


Տիկին Զարուհին պատմեց իր տան հափշտակության խնդիրը։ Անիկա չէր խնայեր նաև Կյուլենցին, բայց, մանավանդ,