Էջ:Barpa Khachik.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


- Ինչո՞ւ Հայաստան չես երթար,— հարցուց անոր Բարպան:


— Ինչպե՞ս երթամ,— ըսավ նկարիչը վհատությամբ,— կըսեն կոր, որ վիզա ստանալը շատ դժվար բան է:


Բարպան սրտաբուխ բարությամբ և անխոհեմությամբ ըսավ.


— Մեյ մը խոսիմ Միհրանին հետ, տեսնենք ի՞նչ կըսե։


— Անիկա բան մը կրնա՞ ընել,— հարցուց նկարիչը։


— Անշուշտ, եթե ուզե, կընե,— ըսավ Բարպան, և անիկա զգաց թաքուն բավականություն, որ իր քեռորդին ի վիճակի Էր այդպիսի բարիք մը բաշխելու։ Նույն օրն իսկ նկարիչը ստիպեց, որ Բարպան ընկերանա իրեն մինչև տուն և անոր ցույց տա իր պատկերները և որմնանկարչական օրագրերը:


Բուրեն Բաբելյանը կբնակեր Սեն-Սերեն եկեղեցիին մոտերը, շատ խոնավ փողոցի մը մեջ, ուր վարձած Էր, քստմնելի հյուրանոցի մը մեջ, մութ սենյակ մը։ Բարպան ապշեցավ մտածելով, որ նման թաղ կարող Էր գոյություն ունենալ Սեն-Միշելեն երկու քայլ անդին։ Աղբաջուրը, խառնվելով կոյուղիին մութ և գարշահոտ շուրերուն, մշտնջենական առվակներ կկազմեր փողոցներուն երկու կողմերը, որոնք գրեթե մայթ չունեին։ Ոտաբոբիկ և անվարտի երեխաներ կմտնեին վատառողջ առվակին մեջ և կելլեին, կեղտոտ ջուրի ցայտեր արձակելով անցորդներու վրա։ Փողոցները կարճ Էին և անվերջ անկյունադարձեր ունեին. վաճառողները իրենց փչացած մրգերը և բանջարեղենները կցուցադրեին փոքրիկ կրպակներու ցուցասեղաններուն վրա, որոնք ծածկված Էին երբեք չմաքրված և իրարու վրա կուտակված խորդուբորդ կեղտով։ Այնտեղ կարոսները ուռենիի պես գլխահակ Էին, ստեպղինները և գետնախնձորները կակուղ Էին լխկած տանձերու պես, կաղամբները թթու և բորբոս կհոտեին, և պրասները իրար կփակեին մածուցիկ հյութով։ Ուրիշ կրպակներ կցուցադրեին եզան սիրտեր, որոնց կապտացած արյունը կլերդանար ցուցասեղանին վրա, ձիու լյարդեր, որոնց մորթը խոցերու պես ուռուցքներ ուներ, և իշու միս՝ դեղին սաթի գույն ճարպով, որուն վրա ճանճերը անարգել ցեցեր կտեղավորեին.