Էջ:Barpa Khachik.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բուալոն ըսեր է, որ չի կա քստմնելի ճիվաղ, որ գեղարվեստական վերարտադրության ենթարկվելով՝ աչքի հաճելի չըլլա, — ըսավ ան։


Նկարիչը՝ իր Հայաստան էրթալու եռանդուն փափագին մեջ, ամենուն իմացուցեր էր, որ կպատրաստվի մեկնելու և թե այդ գործը հաջողցուցեր է Բարպայի քեռորդին։


Շուտով ամեն տեսակ մարդիկ շրջապատեցին Բարպան:


Սենի ափերուն վրա եկեր տեղավորվեր էին մեկ մասը տարագրված ժողովուրդի բեկորներեն, որոնք կկազմեին տարօրինակ խառնուրդ մը ամեն կարգի պատկանող մարդիկներու։ Անոնց մեջ կային Թուրքիո բոլոր վիլայեթներեն մարզիկներ, Անատոլուի գյուղացիներ ու լևանտեն հայեր, իզմիթցիներ, պոլսեցիներ և թրքախոս յոզգատցիներ, կոնյացիներ, անգարացիներ և Ռումելիի նահանգները բնակողներ։


Անոնք բոլորն ալ, իմպերիալիստական պատերազմի ընթացքին անցնելով զարհուրելի բովերե, կորսնցուցած էին իրենց սկզբնական պատկերը և ինքնահատուկ նկարագիրը, բայց ամեն մեկը աղճատման ենթարկված էր տարբեր պատճառներով և տարբեր եղանակներով։ Միայն անոնք, որ լծված էին, մեծ կեդրոններու մեջ, արդյունաբերական աշխատանքներու, նոր կերպարանք կստանային տեղացի աշխատավորներու օրինակովը։ Բայց Սենայի վրա ինկած այս մարզիկը, որ օրնիբուն կդեգերեին սրճարանները, կա՛մ կիսատ մնացած ուսմունքով մարդիկ էին, կա՛մ անհաջող մտավորականներ, որոնց անհաջողության պատճառները մասամբ կբխեին անհատական անկարողութենե, մասամբ՝ կացություններու աննպաստ պայմաններն։ Ամեն տարիքներու պատկանող, անհանգիստ, մշտնջենապես դժգոհ այդ մարգոց մեջ կհայտնվեին երբեմն անսպասելի երևույթներ։ Անոնց մեջ կային պոլսեցի երիտասարդներ, նախկին առևտրական տուներու մեջ ծառայողներ, որոնք Ֆրանսիա գալով, աշխատել էին հոֆուռնոներու առաջ և այժմ լիրիկական բանաստեզծություններ կգրեին, նյութը վերցնելով Աստվածաշունչեն։ Կային, որ իրենց պոլսական մշակույթը պահպանելու հոգով կմերժեին հետևիլ ֆրանսիական նոր գրականության, որը բարբարոս կհամարեին, և հին գաղութի օրիորդներու ալբոմ-