Էջ:Barpa Khachik.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


այդ զզվելի փողոցներուն մեջ, որոնց նմանը չէր տեսած Բարպան նույնիսկ Ղալաթիո մեջ, թե՛ ծախողները և թե՛ գնողները տարօրինակ գույն մը ունեին, մոխրագույն և ախտավոր դժգունություն մը, կապտորակ մարմարացումներով։ Անոնք իրենց ապասերած դեմքերուն վրա կկրեին մշտատև թունավորման ենթարկվող մարդոց դիմակը և ստացեր էին գիշակերներու ձևեր՝ իրենց շարժումներին և արտահայտություններով մեջ։ Երբեք արևը չէր թափանցեր այդ փողոցներուն մեջ, որոնց տուներ ու տանիքները իրար կկպեին գրեթե և որոնց դռները կարծես կբացվեին երկյուղալի որջերու վրա: Սեն֊Սևրեն եկեղեցին, որուն բարձրաբերձ պատերուն կռթնած Էին այդ բնակարանները, իր մռայլ ստվերը ցնցոտիի պես կտարածեր այդ թաղամասին վրա և իր հովանիին տակ կպահեր այդ թշվառության բորոտները։ Գիշերը այդ փողոցները հազիվ լուսավորված Էին հատուկենտ և հնաձև լապտերներով, որոնց քթթացող լույսերը ավելի կշեշտեին այդ փողոցներու գարշահոտ թշվառությունը և ուր խլուրդային քստմնելի կյանք մը կզեռար, որուն մեջ կզգուշանային միջամուխ ըլլալու նույնիսկ հատուկ մարզված ոստիկանները:


Նկարիչը, Բարպան առաջնորդելով այդ փողոցներեն, կըսեր.


— Շատոնց Է, որ թաղապետությունը այս փողոցները քանդելու հարցը դրեր Է, բայց աջակողմյան թերթերը և անոնց թաղապետական ներկայացուցիչները արգելք կըլլան։


— Ինչո՛ւ,— ըսավ Բարպան,— ո՞վ շահ ունի այս փիսությունը պահպանելու մեջ։


— Անոնք կըսեն, որ հին միջնադարյան Փարիզի պիթորեսկ անկյուններեն մեկն Է, պետք չէ քանդել…


— Թո՛ղ այդ պարոնները գան հոս նստին,– ըսավ Բարպան զայրույթով։


— է՜հ, որոշ չափով իրավունք ալ ունին,— ըսավ նկարիչը, առանց ուշադրություն դարձնելու Բարպայի զայրույթին, -հին անկյուն մը իր գեղարվեստական արժեքը ունի…


— է՜հ, դուն ալ, այդ կարծիքներով կուզես Հայաստան երթա՞լ,— ըսավ Բարպան՝ կես֊սրտնեղած, կես-հեգնական, բայց նկարիչը չէր լսեր Բարպան: