Էջ:Barpa Khachik.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հին և որուն մահեն հետո ճարտարապետի գավառացի ժառանգորդները եկեր և զինքը տունեն դուրս նետեր էին, ինչպես ծերացած կատու, «կռնակի շապիկովը»։


Երբ իր բանվոր հաճախորդներեն, որոնց կատեր և կարհամարհեր իր բոլոր հոգվովը, տիկին Լամբերը գանձում մը կըներ, կերթար Գեյ-Լյուսակ փողոցի նպարեղենի մեծ վաճառատունը, ան կգներ փոքրիկ սրվակներու մեջ զանազան գույնի խմիչքներ, որոնք նմույշ պիտակը կկրեին և, իբր թե, ավելի աժան կծախվեին, տիկին Լամբերը կմտներ դռնապանուհիի որջին կիսաստվերին մեջ, ուր մգլոտ իրերու հոտը կխառնվեր անորակելի ռագուներու ծթրած հոտին։ Տիկին Մորենը այդ կերակուրները կպատրաստեր ճարպի մեջ ալյուրը կարմրցնելով և մսավաճառներու միսի մնացորդներով, որոնք ընդհանրապես Գեյ–Լյուսակ փողոցի բուրժուա հաճախորդներու կատուներուն հատկացված էին։ Բայց այդ հոտերը կարծես կկազմեին կյանքի հոսանքեն դուրս նետված այդ կիներուն սնուցող մթնոլորտը, անոնց վատառողջ և փլչող գիրության պատճառը։


Այդ մթնոլորտին մեջ տիկին Մորենի մոմլաթով ծածկված սեղանին վրա, որուն սկզբնական ծաղիկները գույն և ձև կորսն ցուցած էին և որը՝ ճարպի խավով մը տոգորված, կարծես թե մատներու հպումին տակ կակուղ էր և լպրծուն, երկու կիները՝ աչքերնին կիսախուփ, կծծեին այդ խմիչքները և կբամբասեին տանը վարձակալները։ Անոնք հաճախ իրականը կխառնեին երևակայականին, որը կբորբոքեին իրենց կարդացած արկածային վեպերով և «Պըտի ժուռնալի» և «Պըտի փարիզիենի» մեջ մանրամասն նկարագրված ոճիրներու և ոճրագործներու նկարագրություններով։ Տիկին Մորենը կատեր բանվորները, որովհետև իր երիտասարդական օրերուն ծառայեր էր իբրև աղախին կալվածատեր բուրժուաներու և որդեգրեր էր անոնց արհամարհանքը այդ սեփականազուրկ մարդոց նկատմամբ. իսկ լվացարարուհին, թեև «այդ ծեր ստահակը» կըսեր, երբ կանդրադառնար իր ճարտարապետին և կատաղությամբ կբողոքեր, որ ան իր գեղեցկությունը վայելելե հետո ոչ մեկ բան չէր ապահոված իր ձեր օրերուն համար, որդեգրեր էր և անխախտ կպահեր այն