Էջ:Barpa Khachik.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ, որոնցմե ոմանք հիանալի հարաբերություններ ունեին գաղտնի ոստիկանության հետ, համեստորեն կհայտարարեին, որ քիչ մը իրենք ալ կոմունիստ են։


Ոմանք այլանդակ պատկերացում ունեին կոմունիզմի մասին, կկարծեին, որ կոմունիզմը դեմ է մաքուր հագվելուն, և իրենք ալ թափթփած երևույթներ կառնեին. «Ես բուրժուա չեմ», կըսեին նախկին բուրժուայի տղաքներ և առանց փողկապի կամ շապիկի կպտտեին։ Ոմանք ալ կպնդեին, որ կոմունիզմի մեջ բոլոր մարդիկը մեկ օր ոսպ կուտեն, մյուս որը՝ գետնախնձոր, և այսպես հաջորդաբար։ Ճշմարիտ կոմունիստը պետք չէ ունենա անձնական ճաշակ, կըսեին անոնք և ցույց տալու համար, որ իրենք պատրաստ են մտնելու այդ շավղին մեջ, պատրաստ կհայտարարեին իրենց ամեն բան ուտելու՝ առանց տատանվելու, նույնիսկ միջատներ։ Ոմանք ալ կկարծեին, որ երկաթուղիի արկածները, զգայացունց ոճիրները կոմունիստներու գործ է. անոնք կպնդեին նաև, որ բոլշևիկյան երկիրներու մեջ ընտանիք չկա, կիները համայնացած են, և զարմանալին այն էր, որ իրենք իրենց կողմնակից կհամարեին այդ այլանդակություններուն։


֊ Թո՛ղ աշխարհս կործանի, թող քար քարի վրա չի մնա, բուրժուաները կըսեն, որ կարմիրները քաղաքակրթության թշնամի են, աղեկ որ ատանկ են, մենք ի՞նչ խեր տեսեր ենք այդ քաղաքակրթութենեն։


Օր մը, մինչդեռ Բարպան կխոսեր հաճընցի բժիշկի մը հետ, ջանալով անոր հասկցնել, թե այդ բոլոր ըսվածները այլանդակ սուտեր են, բժիշկը բողոքեց բուռն կերպով.


— Ես կուզեմ, որ ճիշտ ըլլան, ըսել է՝ ես ալ կարմիրներեն ավելի կարմիր եմ,— ըսավ ան և դժգոհ հեռացավ Բարպայեն:


Այդ արմատախիլ, կիսակիրթ և ուղեկորույս մարդոց մեջ կային գյուտարարներ, որոնք կա՛մ արդեն վաղուց գտնված բաներ կգտնեին, կամ թե կպնդեին, որ այնպիսի գյուտեր ըրած են, որոնց հայտնությունը աշխարհս պիտի ցնցե, բայց կըսեին, թե չեն ուզեր, նույնիսկ միլիոններու փոխարեն, իրենց գյուտը ծախել կապիտալիստական երկիրներու, այլ