Էջ:Barpa Khachik.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռք բերված հարստության մասին։ Անոնք կքարոզեին գաղութահայ աշխատավորներուն՝ հրաժարիլ իրենց նույնիսկ բնական իրավունքներեն, բայց իրենք կմտածեին, որ անժխտելի իրավունքներ ունին այդ հեռավոր խորհրդային երկրին մեջ, որը իրենց «հայրենիքը» կկոչեին։ Ամենքն ալ կհայտարարեին, որ կուզեն այնտեղ երթալ մեռնիլ ու թաղվիլ հայրենի հողին մեջ, բայց ոմանք կսպասեին, որ «այնտեղ» վիճակը քիչ մը լավանա, կյանքի պայմանները դյուրանան, վերակառուցման համար կատարվող պայքարը հասնի իր հաղթական վախճանին, որպեսզի իրենք ալ բարեհաճին երթալ այդ երկիրը։ Ուրիշներ՝ փաթթվելով իրենց անհիմն գոռոզության մեջ ինչպես պատառատուն ցնցոտիի մեջ, կգռռային՝. «Եթե կուզեն, որ երթամ, թող ինձ հրավիրեն…»։ Բայց կային նաև այնպիսիները, որ տեսակ մը խուճապե բռնված՝ կըսեին իրարու.


— Ծ ո՜, ինձի նայե, ասկե անդինը չի կա, հոստեղ ալ ըլլալիքը ատ է. կոմունիստները իշխանությունը օր մը չէ օր մը ձեռք պիտի առնեն, ամենեն աղեկը ան է, որ հիմիկվընե մենք ալ կոմունիստ ըլլանք,— և կերթային իրենց թեկնածությունը դնելու։


Բանվոր կոմունիստները ընդհանրապես կասկածանքով կվերաբերվեին այդ « մտավորականներու» հանդեպ, բայց կպատահեր, որ այդպիսի մարդիկ սպրդեին շարքերու մեջ։ Այն ատեն անոնք կդառնային «ձախ» և հուր ու շանթ կթափեին իրենց այն ընկերներու դեմ, որ որոշ պարագաներու խոհեմություն և շրջահայացություն կպատվիրեին: Այդ «ձա– խերեն» մեկն էր, որ Պուանկարեի մեծադիր պատկերը դրած էր իր սենյակին պատին վրա, ամեն հավանականության պատրաստ ըլլալու համար, հաստատեր էր փաստաբանական գործակալություն և կզբաղեր, անլուր շահագործման ենթարկելով իր հաճախորդները, ինքնության թուղթերու կարգավորման և այլ նման գործերով, և որուն կդիմեին գլխավորաբար ֆրանսերեն չի գիտցող այն բանվորները, որոնք կուրորեն կվստահեին իրեն, որովհետև իր գրպանին մեջ ուներ կոմունիստական քարտը։ Այդ «ձախերը», մեկ կողմե, անվերջ պառակտումներ հառաջ կբերեին իրենց շարքերուն մեջ, լինե՝»