Էջ:Barpa Khachik.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատելությունը, որ ճարտարապետը միշտ ունեցեր էր շինարարության աշխատավորներուն նկատմամբ։ Տիկին Լամբերի նախկին սիրահարը «այդ կեղտոտ ցեղը» կկոչեր շինարարության բանվորությանը, որուն հեղափոխական տրամադրությունները միշտ անախորժություններ պատճառեր էին իրեն:


Տիկին Մորենի այդ խուցին մեջ էր նաև, որ երկու կիները կընդունեին ոստիկանական գաղտնի ագենտները, որոնք կներկայանային ուրիշներու աչքին որպես նպարեղենի, ձեթի և օճառի, խահվեի միջնորդներ և այդ հանգամանքով, եթե հարկ ըլլար, կմտնեին բանվորներու սենյակները. որովհետև բանվորի կիները կամ բանվորուհիները շան պես չէին վռնդեր, ինչպես այդ կընեին բուրժուայի կիները, կամ դուռը երեսին չէին գոցեր այն մարդուն, որ կկարծեին, թե կուզե հաճախորդ գտնել միջնորդչեքով իր ապրուստը ճարելու համար։ Նույնիսկ եթե որևէ հարկեցուցիչ պատճառով մերժեին միջնորդին ներկայացուցած ապրանքը, սիրով կխոսակցեին և երբեմն նույնիսկ իրենք կհրավիրեին «միջնորդը» պահ մը մտնել ներս, հանգստանալ, որու միջոցին իրենց մերժումը մեղմացնելու համար կուտային ուրիշ հաճախորդներու հասցեներ և անուններ, որոնց գնողական կարողությունը բաղդատաբար բարձր կհամարեին։


Այդ գաղտնի ոստիկանները կաշխուժանային գործադուլներու և բանվորական զանազան ցույցերու առթիվ, ինչպես նաև երբ նորեկներ, մանավանդ օտարականներ, բնակություն հաստատեին այդ տուներուն մեջ։


— Չեմ հավնիր կոր այդ մարդոց,— ըսեր էր տիկին Մորենը գաղտնի ոստիկանին, երբ եկեր էր տեղեկություններ առնելու Բարպայի, բայց մանավանդ Միհրանի մասին։


— Իմ կարծիքով, ծերունին նվաղ կասկածելի թիվ չէ,– ըսեր էր դռնապանուհին՝ Բարպային ակնարկելով։


Բայց թե ինչի՞ վրա հիմնված էին այդ կասկածները, տիկին Մորենը չէր կարողացեր մանրամասնել։


— Ուրեմն՝ շուտով, ցտեսություն,– ըսեր էր ոստիկանը,— և լավ հսկեցե՛ք։


— Օ՜հ, այդ մասին վստահ եղեք,– պատասխաներ էր