Էջ:Barpa Khachik.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Անհավատալի չէ,— ըսավ դռնապանուհին՝ տխրությամբ նայելով իր խոսակցին։


- Ինչո՞ւ չես հայտներ պարոն Գաստոնին,— ըսավ լվացարարուհին խուլ ձայնով։


— Հայտներ եմ,— ըսավ դռնապանուհին լալագին ձայնով,— ան ալ կըսե, որ ժամանակը չէ այդ մարդիկը գրգռելու, գիտցեք միայն և թողեք, որ ընեն, կուգա ժամանակը, և այն ատեն ամենուն ցանկը մեր ձեռքն է, այդ բոլորը կմաքրենք, կըսե։


Այդ միջոցին երիտասարդ կոմունիստներու մարշը ավարտեցավ. երրորդ և չորրորդ հարկերեն նույնպես լսվեցան գրամաֆոնի ձայներ, որոնք կինոյի եղանակներ կերգեին՝ իրար ժխտելով։ Բայց ահա երկրորդ հարկի գրամաֆոնը կրկին կռնչաց և սկսավ «Ինտերնասիոնալը» խմբերգի մը կողմե. բազմաթիվ տղամարդկանց ձայներ կերգեին։


Դռնապանուհին ցնցվեցավ ամբողջ մարմնովը և բռունցքը ցույց տվավ այդ բնակարանի պատուհանին, ուր երկու մանչեր նստած, իրենց կարագով հացը կուտեին, և կարծես տեղատարափե փախելով, անցավ բակը և ապաստանեցավ իր խցիկը:


— Աշխարհիս վերջն Է… աշխարհիս վերջն Է…—կկրկներ ան անվերջ, և իր գեր մարմինը կդողար զայրույթեն։

                        *
                     *     *

Մադամ Լենը, ընդունելով տատնիրոջը կողմե ստորագրված հրաժարագիրը, մատնվեցավ անզոր սարսափի։ Անիկա շատ լավ գիտեր, որ օրենքը, մանավանդ պատերազմեն հետո, կարգիլեր բնակարաններե վտարումը, նույնիսկ վարձքը չի վճարելու պարագային, առանց որոշ և նախատեսված կարգ մը պատճառներու։ Եվ այդ պարագային ալ դեռ, ըստ օրենքի, տանտերը պարտական Էր ուրիշ բնակարան մը հատկացնել վարձվորին և նույնիսկ փոխադրության ծախքերը ընել։ Բայց մադամ Լենը գիտեր, որ ինքը դը ֆակտս իրավազուրկ մեկն Է և չի կրնար դատարան դիմել և օրենքի պաշտպանությունը պահանջել։ Ճիշտ Է, որ անիկա առանց քարտի պոռնիկ Էր։