Էջ:Barpa Khachik.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջղային տագնապի. անիկա կմտածեր, որ այդ կյանքով ապրող կիներու համար — Յորկին շատ վաղուց կռահեր էր մադամ Լենի գիշերային աշխատանքներու բնույթը — սովորական երևույթ է ատիկա, և կջանար իր զվարթությունով վարակել խեղճ կինը։ Բայց Յորկին շուտով անդրադարձավ, որ իր փորձերը հակառակ արդյունք հառաջ կբերեին։ Մադամ Լենը չէր ուզեր դուրս գալ իր ընկճող տխրութենեն, որուն մեջ, կարծես, դառն սնունդ մը կգտներ։ Իրիկուն մը, ուշ ատեն, Յորկին ըսավ Միհրանին.


— Մադամ Լենը լավ չէ, կրնա ապուր մը ուտել, այդ աղջիկները այդպես են. տե՛ս թերթերը, օրական գոնե քսան հոգի անձնասպան կըլլան Փարիզի մեջ։


Բայց այդ օրերը թե՛ Յորկին և թե՛ Միհրանը չափազանց զբաղած էին. անոնք տուն կվերադառնային գիշերվան ժամը մեկին և երբեմն՝ երկուքին և առավոտյան կանուխ կերթային գործի։ Անոնք իրարու հետ հարաբերություն կպահեին, մանավանդ, սրճարաններու մեջ, որ իրենց և ընկերներու ժամադրավայրերն էին։


Միհրանը մտածեց Վիկտորյային հաղորդել մադամ Լենի վիճակը և խնդրել անկե, որ զբաղի, ի հարկին քանի մը օր Մըդոն տանի մադամ Լենը՝ խնամելու համար։


- Այդ լավ մտածեցիր,— ըսավ Յորկին։


Բայց երկու երիտասարդները օրերե ի վեր Մըդոն չէին գացեը և ազատ իրիկուն դեռ չէին կարող նախատեսել։


- Բարպան հաճախ կուդա Սեն-Միշել, - ըսավ Յորկին,– ես անոր կհանդիպիմ և կըսեմ։


Բայց, նախքան Յորկիին Բարպայի հանդիպելը, այդ կիրակի իրիկունը Բարպան բարձրացավ Բրոկա փողոցի տան վեց հարկը։


Բարպան չի ճանչցավ մադամ Լենը, որ բոլորովին այլափոխված էր. անոր աչքերը կարծես մանրացեր էին, շրթները կապուտցեր էին, և քիթը սուր և ցցուն կերևար անոր նիհարած դեմքին վրա: Միշտ թանձր շպարով ծածկված մորթը դեղնորակ էր և արատներ ուներ։ Անոր ձեռքերը ավելի մեծ կերևային, և մատները հանգույցներ ունեին, սենեկազգեստի կիսաբաց կուրծքը ցույց կուտաը անոր ողորմելի և վտիտ