Էջ:Barpa Khachik.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մերկությունը և անխնամ մնացած մազերը՝ անփայլ և ողորկ, կիյնային ճակատին և քունքերուն վրա։ Մադամ Լենը ջղային շարժումներով ծածկեց կուրծքը և առանց աչքերը բարձրացնելու ներողություն խնդրեց Բարպայեն, ինքն ալ չէր գիտեր ինչ բանի համար։


— Աս ի՞նչ է, մադամ Լեն,— հարցուց Բարպան հուզմունքով։


Մադամ Լենը չի պատասխանեց, անոր կթվեր, որ որևէ պատասխան հառաջ պիտի բերեր ուրիշ հարցումներ և վերջիվերջո իր գաղտնիքը պիտի խլեին իրմե։


Բարպան աթոռ մը առավ և նստեցավ մադամ Լենի դիմացը։ Անիկա պահ մը լուռ դիտեց թշվառ կինը և հետո ըսավ.


— Ի՞նչ ունիս մադամ Լեն. լավ չէ քու անկեղծ բարեկամներեդ ծածկել քուէ հոգերդ։


Մադամ Լենը արցունքով լեցուն աչքերը բարձրացուց Բարպայի վրա։ Բարպայի պարկեշտ դեմքը, այտերու երկու խոր ակոսներով, որոնք անցյալ տառապանքները կպատմեին, անոր ալեհեր բաց գլուխը, որուն գագաթին վրա մազերը ցանցառեր էին, բայց մանավանդ, խաժ աչքերու սրտագին և կարեկից նայվածքը պահ մը ներշնչեցին մադամ Լենին սիրտը բանալ Բարպային և անոր հայտնել իր գաղտնիքը։ Բայց անմիջապես անիկա երևակայեց, որ Բարպայի կարեկցությունը բուռն զայրույթի պիտի փոխվեր, եթե իմանար, թե ինչ տեսակ կնոջ հետ Վիկտորյան հարաբերության մեջ եղեր էր և այդ օրինավոր կինը ընդուներ էր ճաշի հրավերը մի թշվառական կնոջ, որ իր հասույթները կքաղեր անարգ զբաղումե։ Մադամ Լենը այդ միջոցին խորհեցավ, որ նենգությամբ խաբեր էր Բարպան և կինը և ընկճվելով իր մեղքերու ծանրության տակ, անիկա խորը հառաչեց և սկսավ հեկեկալով լալ:


— Լա՛վ,– ըսավ Բարպան հուզվելով,— ես կըսեմ Վիկտորյային, վաղն իսկ կուգա, քեզ կտեսնե։


— Ո՛չ, ո՛չ, երբե՛ք,— պատասխանեց մադամ Լենը հատկտյալ ձայնով։


Բարպան չէր գիտեր ինչպես ընել, ինչ ըսել։ Անիկա պահ մը մնաց լուռ, աչքին ծայրով հետևելով մադամ Լենի