Էջ:Barpa Khachik.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարժումներուն: Անիկա չէր գիտեր ինչ ենթադրություն ընել խեղճ կնոջը ընկճող վշտին պատճառներու մասին։ Մտածելով, որ ուրիշ բանի մասին խոսելը կարող է հանգստացնել մադամ Լենը, անիկա հայտնեց իր այցելության պատճառը։


- Կարևոր, անհետաձգելի նամակ մը ունեի հանձնելիք Միհրանին,– ըսավ ան,– գիտեի որ այս ժամուն տանը չլլար, բայց եկա՝ մտածելով, որ ձեզ կրնամ հանձնել, դուք գիշերը կուտաք:


- Տվե՛ք նամակը,— ըսավ մադամ Լենը նվաղուն ձայնով:


Բարպան հանեց նամակը գրպանեն և երկարեց մադամ Լենին։ Անիկա երկու ձեռքերով բռնած էր սենեկազգեստին օձիքը կուրծքին վրա, և կարծես մեծ բան կախված էր կուրծքը փակ պահելեն, անիկա ձեռքը չարձակեց և ըսավ.


- Դրեք սեղանին վրա, պարո՛ն, ես այս գիշեր անպատճառ կհանձնեմ Միհրանին։


- Եթե Յորկին ավելի շուտ գա, անոր ալ կրնաս հանձնել,— ըսավ Բարպան։


- Լա՛վ, այդպես կընեմ,—ըսավ մադամ Լենը հլությամբ:


Բարպան ոտքի ելավ։ Նույնը ըրավ մադամ Լենը։


- Գոհ եմ, որ այս նամակը պատճառ եղավ, ձեզի մոտ բարձրացա,— ըսավ ան,— տղաքն ալ քանի ատեն Մըդոն չեն եկած, չէի գիտեր, որ անհանգիստ եք։ Վաղը Վիկտորյան կուգա, անպատճառ,— և նախատեսելով որևէ մերժում մադամ Լենի կողմե, Բարպան ավելցուց.— հիվանդին կամքը չեն հարցներ խնամելու համար, բարեկամությունը ո՞ր օրին համար է, եթե իրարու չի հասնինք նեղ օրին,– ըսավ ան։


Բայց մադամ Լենը ո՛չ կմերժեր և ոչ ալ կընդուներ Բարպայի առաջարկը, ինչպես եթե իրեն չի վերաբերող խնդրի մը մասին ըլլային անոր խոսքերը։


է՛հ, ցտեսություն,— ըսավ Բարպան։


- Ցտեսություն,— մրմնջեց մադամ Լենը, և անիկա նայեցավ խոր և աղեկտուր նայվածքով Բարպայի խաժ և բարի աչքերուն։


Բարպան այդ նայվածքին հիշողությունը տարավ իր հետ,