Էջ:Barpa Khachik.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիկին Մորենը,– ինչ որ ալ ըլլա, ես մեջտեղ կհանեմ, ինչ որ թաքնված ունին իրենց մարմնին մեջ։


Երբ տունին մոտեցեր էին, Յորկին՝ սալլը քշելով, Բարպային բացատրեր էր իր դռնապանուհուն հետ Լավ հարաբերության մեջ ըլլալու անհրաժեշտությունը և ծիծաղելով պատվերներ էր տվեր անոր.


— Այստեղ, Բարպա՛, դռնապանուհին կարևոր անձնավորություն է, նա տանտիրոջ ծառան չէ, այլ փոխանորդը, եթե ճիշտը կուզես, սեփականատերին պահապան շունը… Այս երկրին մեջ անոթի մնաս, մերկ պտտիս, հոգ չէ, բայց պետք է, որ սենյակիդ վարձքը վճարես օրին և ժամին։ Վա՜յ քեզի, եթե ստիպվիս դռնապանուհիին հայտնել, որ վարձքիդ փողը չունիս և քանի մը օր ետքը պիտի վճարես… այն ատեն կդառնաս անպարկեշտ մարդ, կասկածելի… Հետո,— ավելցուց Յորկին, զվարճանալով Բարպայի և Միհրանի զարմացումեն,— պետք է քաղաքավարությամբ վարվիս հետը, այսինքն՝ իր հասկցած քաղաքավարությամբ… օրվան մեջ տասը անգամ ալ, որ հանդիպիս, պետք է ըսես. «Բոնժուր մադամ Մորեն», սանկ ձայնիդ տալով մտերմության շեշտ մը, իսկ եթե օդին վրա խորհրդածություններ ընես, ինչպես՝ «այսօր օդը լավ չէ» կամ «ինչ վատ եղանակ է» կամ նման անմիտ խոսք, քեզմե աղեկ մարդ չի կա, այդ մարզիկը քու բնական վերապահությունդ կհամարեն գոռոզություն և այդ չեն ներեր քեզի, եթե հարուստ չես։ Կպատահի, որ եթե ինքը լավ տրամադրված է և ինքը խոսի օդին վրա՝ «այսօր գեղեցիկ է», և դուն նույնիսկ ցուրտեն փատնաս, խերդ անիծված ըլլա, պետք է ըսես՝ «օ՜հ, այո՛, այսօր օդը գեղեցիկ է», կամ եթե ըսե՝ «տաք չէ այսօր», և դուն ալ ըսենք թե քրտինքով ողողված ես, պետք է ըսես՝ «օ՜հ, այո՛, մադամ Մորեն, այսօր տաք չէ…: Ասոնք, Բարպա՛, «օդը ծանր է» մը ունին, երբեք չի հակառակիս… Հազիվ թե գարնան արևը, կարծես վախվխելով, քանի մը ճառագայթ կարձակե, սիրտդ կբացվի, կուրախանաս, դուրս նետվիլ կուզես, դռնապանուհին կըսե՝ «ինչպես ծանր է այսօր», «այո՛, ծանր է» պիտի ըսես, նույնիսկ նեղվելու ձև առնես, այն ատեն աղեկ մարդ կըլլաս: