Էջ:Barpa Khachik.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


միայն մայթին վրա, այլև փողոցին մեջ լճացեր էր մեծ բազմություն մը, որ իր հերթին կսպասեր՝ սրահը մտնելու համար: Ոստիկանները երբեմն կմիջամտեին փողոցի խճողումը վերացնելու համար, որովհետև այդ ուղղությամբ եկող տաքսիները ստիպված էին իրենց ընթացքը դանդաղեցնել և երբեմն շարքով կանգ կառնեին, անընդհատ հնչեցնելով իրենց կլաքսոնները։


Բայց ուրիշ խումբեր և ուրիշ շարքեր անընդհատ կհասնեին, և հազիվ թե կուտակված մարդիկը կմտնեին գլխավոր անցքի կամարներուն տակ, դարձյալ նոր բազմություններ կլճանային մայթին վրա և փողոցին մեջ։ Այդ խումբերու և շարքերու մեջ կային նաև ամեն տարիքի կիներ և պառավներ, որոնք՝ գլուխնին ծածկած սև մետաքս քողով, շրթները պրկած տևական ժպիտի մեջ, իրենց եռանդուն և սև աչքերով, որոնք իրենց փայլը և գեղեցկությունը չէին կորսնցուցած, անհամբերությամբ կսպասեին, որ իրենց կարգը գա և մտնեն այդ անցքին մեջ, որուն ծայրը պիտի գտնեին, կարծես, մարդկային ծանոթ ուրախություններեն գերիվեր երջանկություն մը։ Այդ բազմության մեջ կային նաև երեխաներ թուխ դեմքերով, սև խոշոր աչքերով, սև մազերով, ամենքն ալ մաքուր հագված, նույնիսկ որոշ պերճանքով, և որոնք անընդհատ կշարժեին և կճռվողեին՝ նույնպես ջղագրգռված հետաքրքրութենե։ Բայց, ընդհանրապես, ընտանիքները կհասնեին տաքսիներով, որոնք անընդհատ կանգ կառնեին կամ մուտքին առաջ, կա՛մ քիչ մը վերը, եթե փողոցը բռնված էր բազմությունով։ Այդ տաքսիներեն կիջնեին կիներ՝ գիրուկ և գեղեցկադեմ մանկիկներ գրկած և իրենց շուրջը ունենալով զանազան տարիքի երեխաներ։


Ոստիկանական ջոկատի պետը, տեսնելով այդ հավաքույթին տոնական և ընտանեկան բնույթը, տասնյակ մը ոստիկաններ անջատեց և ուղարկեց Բերնի թաղին մեջ ուրիշ հավաքույթի մը, ուրկե օգնական ուժ ուզեր էին։ Այդ միջոցին ֆրանսիական օրաթերթերու թղթակիցներ մոտեցան մուտքին և սկսան խոսակցիլ իրար հետ.


— Ի դեպ, ի՞նչ երեկույթ է սա։ Այստեղ իմ թաղամասս չէ, բայց այնպես հետաքրքրվեցա։