Էջ:Barpa Khachik.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լրագրողներեն առաջինը, որ շարք մը տեղեկություններ քաղեր էր, ըսավ ետքեն եկողին.


— Հայերն են, որ կտոնեն իրենց անկախության տարեդարձը։


Երկրորդ լրագրողը հառաչեց, մտածելով, թե պատերազմեն ի վեր ինչքան նոր բան կար իմանալիք։


— Ուրեմն անկախություն ունին հայերը… հապա ինչո՞ւ որոշված է հայ գաղթականներու համար հատուկ կարգադրություններ ընել, ես այլևս ոչինչ չեմ հասկնար։


— Ես ալ մեծ բան չգիտեմ,- ըսավ առաջին լրագրողը,- միայն կտեսնեմ, որ չար մարդիկ չեն։


Եվ երկուքն ալ զվարճացած աչքերով և քիչ մը զարմացած դիտեցին անցնող չարքերը։


— Մեծ մասամբ բանվորներ են,– ըսավ առաջինը,— տեղեկացա։


— Բանվորներու համար խիստ լավ հագված են,– ըսավ երկրորդը, մատնացույց ընելով ծերունի մը, որ բռներ էր իր երկու թոռներու ձեռքերեն և ոգևորված դեմքով կջանար ճամփա բանալ բազմության մեջ. անոր ետևեն կուգար ակնոցավոր երիտասարդ մը, բասկյան բերետ դրած գլխին, որ գրկած էր մոտ երկու տարեկան, գանգուր ու փայլուն մազերով, դժգոհ երևույթով տղեկ մը, որուն հետ կխոսեր գողտր ձայնով: Անոր քովեն կքալեր բարձրահասակ կին մը, վերարկուին մուշտակ օձիքը բարձրացուցած մինչև այտերը, և որուն փոքրիկ թաղիքե գլխարկին տակեն կերևային անոր պսպղուն աչքերը և նուրբ ու ողորկ մորթին փղոսկրյա դժգունությունը։


Վագրամի մեծ սրահը ծայրեծայր լեցուն Էր, նույնիսկ վերնատան մեջ այլևս տեղ չէր մնացեր վերջին եկողները տեղավորելու համար։ Կարգադրիչ հանձնաժողովը , ոգևորված այս մեծ հաջողութենեն, որը կգերազանցեր իր ակնկալությունները, կբազմապատկեր իր ջանքերը, որպեսզի ամեն մեկը գոհ ըլլա և որևէ թյուրիմացություն հառաջ չի գա։ Բայց այնտեղ տեղավորված և կամ հետզհետե հասնող գաղութահայերը հանդիսատեսի դերին մեջ չէին, այլ ամենքը նույն զգացումի մեջ շաղախված, կարծես միակտուր զանգված մը կկազմեին։ Կարգապահության հսկող ջոկատները, որոնք մեծ