Էջ:Barpa Khachik.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասամբ վերցված էին մարզական կազմակերպություններու պատկանող երիտասարդներն, իրենց դերերը կկատարեին ուշադրությամբ։ Տոնախմբության սրահին անմիջական մուտքի առաջ, քանի մը սեղաններու վրա դիզած էին կարմիր կոկարդներ, և այդ գործին հատկացված երիտասարդ բանվորները կջանային ամենուն գոհացում տալ, որովհետև ամենքն ալ, առանց խտրության, կուզեին կրել իրենց կուրծքին վրա կարմիր Հայաստանը խորհրդանշող կարմիր կոկարդը։


Միհրանը և Յորկին վաղուց այնտեղ էին խումբ մը ֆրանսիացի ընկերներու հետ, որոնք կամովին ուզեր էին մասնակցիլ այդ երեկույթին։ Անոնք լրջությամբ կդիտեին այդ բազմահազար հանդիսականները, որոնք, դեռ նիստը չսկսած, իրենց հրացայտ ակնարկները կսևեռեին, կարծես հմայված, կարմիր մետաքս դրոշակին վրա, որ բեմին համարյա խորքը կծածկեր և որուն անկյունը ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությամբ նկարված էր Հայաստանի զինանշանը։ Իսկ բեմի վերևի ճակատին վրա, մուրճ ու մանգաղի վերև, կկամարանար, հայերեն տառերով, միջազգային աշխատավորության նշանաբանը, «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։


Յորկին, որուն հանձնարարված Էր զբաղիլ ֆրանսիացի և այլ ազգությանց պատկանող ընկերներու հետ, կբացատրեր անոնց, որ կարմիր դրոշակը նվիրեր Էին Բելվիլի ընկերուհիները, որոնք այդ միջոցին խմբով կմտնեին սրահ։


Յորկին մեկ կողմե իրեն եղած հարցումներուն պատասխանելով, կբացատրեր, որ ներկաները ստվար մեծամասնությամբ բանվորներ Էին, բայց սրահին մեջ կային նաև արհեստավորներ և մտավորականներ, գրողներ, նկարիչներ, բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ և այլն։ Բոլորն ալ մաս կկազմեին զանազան հայրենակցական, աշխատավորական կամ ուրիշ՝ Հայաստանի բարեկամ կազմակերպություններու, որոնց մեջ կոմունիստներու թիվը համեմատաբար քիչ էր:


Յորկին մեկ րոպե տեսավ Միհրանը, որ Ժանեթը և Մարիան կառաջնորդեր առաջին կարգերու վրա վերապահված տեղերը։ Միհրանը անցած ատեն ժպտեցավ ֆրանսիացի ընկերներուն և երկու ձեռքերով ցույց տալով հանդիսականները,