Էջ:Barpa Khachik.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քըրությամբ լուր կփնտրեր առավոտյան թերթերուն մեջ՝ Հայաստանի վերաբերյալ։ Բարպան նշմարեց նաև, որ Միհրանը ուրախ էր և բարձր տրամադրության մեջ։ Իսկ Վիկտորյան, որ հաջողեր էր իր գաղտագողի լվացքը չորցնել, նույնպես ուրախ էր և փսփսալով կխոսեր Միհրանին հետ, որպեսզի Բարպային քունը չի խանգարե։


Քիչ հետո, երբ սեղանին առաջ նստած լուռ կնախաճաշեին, հանկարծ Բարպան գլուխը բարձրացուց և հարցուց Միհրանին.


— Միհրա՛ն, ի՞նչ կնշանակե մետեկ։


— Հին ժամանակները,—ըսավ Միհրանը, — Աթենքի մեջ կային օտարականներ, որոնք արտոնություն ստացած էին բնակելու քաղաքին մեջ։ Անոնք գերի չէին, բայց զրկված էին քաղաքացիական բոլոր իրավունքներե, անոնք կկոչվեին մետեկ։


Բարպան պահ մը լուռ և մտախոհ մնաց։


— Ըսել է, մենք այս երկրին մետեկնե՞րն ենք,– ըսավ ան սրտմտած,— ես չէի գիտեր, որ ատանկ բան կա…


— Բարպա՛,— ըսավ Միհրանը համոզված շեշտով,– մեզմե կախում ունի, թե ինչ կըլլանք մենք… կա՛մ կըլլանք մետեկ և կմնանք մետեկ, կա՛մ կդառնանք իսկական գիտակից պրոլետարներ…


Բարպան շատ խորապես հետաքրքրված էր հասկնալու համար, թե իրական տեսակետով ի՞նչ առավելություն ուներ պրոլետար ըլլալը, և թե ի՞նչ պետք էր ընել դասվելու համար այդ մարդոց շարքին, բայց այլևս հարցում չուղղեց. մտաբերեց ծերունի դեմոկրատը և անոր խոսքերը և, կարծես թե, այդ ուղղությամբ պետք էր լուսաբանվեր, երբ Միհրանը ըսավ.


— Եվ մաս կկազմենք պրոլետարներու միջազգային բանակին, որուն աջ բազուկը հաղթական է Ռուսաստանի մեջ. այդ բազուկը հասեր է մինչև Հայաստան, որուն աշխատավորները նույնպես հաղթական են…