Էջ:Barpa Khachik.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես խրատված, Բարպան ներկայացավ տիկին Մորենին, որ կեղծավորությամբ ժպտեցավ, սենյակի վարձքի միջնորդչեքը գրպանեց և իր խուցի սեմին վրա կանգնած մնաց՝ հետազոտելու համար օտարականներու գույքերը, այն միջոցին, որ Բարպան, Միհրանը և Յորկին կփոխադրեին ձեռնասայլին բեռները վեցերորդ հարկը:


Բարպան անգամ մը բեռնավորված բարձրանալեն հետո վեցերորդ հարկը, երիտասարդներու պնդումով, մնաց սենյակը, որը Վիկտորյան կարծես հրաշքով այլափոխեր էր: Գետինը, որ ծածկված էր վեցանկյուն կարմիր աղյուսներով, լվացեր և փայլեցուցեր էր, պատուհաններուն դրեր էր ձյու նաթույր ճերմակ վարագույրներ, սեղանը բերեր էր սենյակին մեջտեղը, ծածկեր էր բաց֊կապույտ ծածկոցով և բաժակի մը մեջ դրեր էր կարմիր վարդի փունջ մը:


- Այս ծաղիկները որտեղե՞ն գտար,— հարցուց Բարպան:


— Մադամ Լենը բերավ,— ըսավ Վիկտորյան, կարծես խոսելով հին բարեկամուհիի մը մասին:


Սենյակը մաքրելու համար, երբ Վիկտորյան ջուրի տեղը փնտրեր էր, նրբանցքին մեջ հանդիպեր էր մադամ Լենին և անկե հետո, ամեն անգամ, որ սենյակեն դուրս եկեր էր, հանդիպեր էր ֆրանսուհիին, որը մեծ սիրալիրությամբ և ջերմությամբ կուզեր աջակցիլ Վիկտորյային. անիկա սենյակեն բերեր էր առասան, մուրճ և գամ՝ վարագույրները գամելու համար և կարմիր ջնարակ՝ գետինը փայլեցնելու համար: Տասն անգամ իջնելով վեցերորդ հարկը, տիկին Լենը պատրաստեր Էր կաթով սուրճ, առեր Էր թարմ մահիկներ, և որովհետև Վիկտորյան մերժեր Էր գործը թողուլ և մադամ Լենի հրավերով անոր սենյակը երթալ, ֆրանսուհին այդ բոլորը բերեր Էր Վիկտորյային մոտ և ստիպեր Էր, որ պահ մը նստի և նախաճաշե: Հետո օգներ Էր Վիկտորյային՝ «կորսված ժամանակը վաստակելու համար», և Վիկտորյան ապշությամբ տեսեր Էր, որ այդ նիհար և դժգույն կինը երկաթյա բազուկներ ունի և մեծ ճարտարություն՝ արագ և մաքուր գործ տեսնելու:


Երբ Յորկին և Միհրանը բեռները փոխադրեցին, միասին