Էջ:Barpa Khachik.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուժեղ էր և մարտական, լավ չէր, որ Մաննիկը դուրս մնար շարժումեն, այդպիսով անիկա կմնար անպաշտպան, բայց այդ միջոցին Միհրանը կանչեցին սրահեն, և անիկա ըսավ Մաննիկին.


— Ես վաղը ժամը վեցին կըլլամ քու ճամփուդ վրա, սրճարան մը կերթանք ու կխոսինք։


Մաննիկի դեմքին վրա հոգնած ժպիտ մը երևցավ։ Անիկա գոհ էր Միհրանի փութկոտութենեն, բայց կզգար, որ էական բան մը խորտակված է իրենց հարաբերություններուն մեջ: Միհրանը ազատագրվեր Էր այն հուզումնալի զգացումեն, որ ակամա կգրավեր զինքը Մաննիկի ներկայության: Մաննիկը այդ զգացեր Էր Փարիզի մեջ իրենց ունեցած առաջին հանդիպումին, և այդ հանգամանքը ավելի խոր վիշտ Էր պատճառեր իրեն, քան թե կարող Էր կարծել։


Միհրանը հեռացավ՝ ըսելով Բարպային.


— Ուրեմն, Ոարպա՛, քեզ կհանձնեմ տիկինը և օրիորդը։


Բարպան հրավիրեց երկու կիները մտնել սրահ և տեղ մը նստիլ: Դեռ այդ միջոցին սրահը կիսով չափ դատարկ Էր. անոնք, ուրեմն, աջակողմի շարքերուն վրա տեղ մը ընտրեցին և տեղավորվեցան, որպեսզի կարենան ազատ խոսակցիլ:


Տիկին Զարուհին վարպետությամբ կհետազոտեր Բարպայի կարծիքները օրվա տոնին առթիվ, ըստ այնմ արտահայտվելու համար։ Անիկա հասկցեր Էր, որ «այդ մարդոց» համարումը շահելու միակ միջոցը քաղաքական խնդիրներու մեջ համախոհ երևալն Է։


— Մենք ալ պրոլետար դարձանք, պարոն Խաչի՛կ,– ըսավ անիկա կեղծ ծիծաղով,— արդյոք սխալ բան մը կսեմ կոր,— հարցուց անիկա Բարպային…– Փառք աստծո՛, այլևս բան մը չունինք, մայր ու աղջիկ պետք Է աշխատինք, որ ապրինք։


— Օրիորդը գործ գտա՞վ,— հարցուց Բարպան Մաննիկին դառնալով, բայց անոր փոխարեն մայրը պատասխանեց։


— Օ՜հ, շատ գործի առաջարկություններ եղան,– ըսավ տիկին Զարուհին, բայց աղջիկս առայժմ ընտրեց մեծ վաճառատան մը մեջ աշխատիլ, ասոր ի՞նչ կըսեք, պարոն Խաչի՛կ,— ըսավ անիկա,- դեռ վեց-յոթ տարեկանին անոր սի–