Էջ:Barpa Khachik.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րած խաղը այդ էր, սենյակին մեջ ունեցածը կսարքեր և վանդեոզ կըլլար, է՛հ, հիմակ ալ իր փափագին հասավ:


Մաննիկը ծանր և կշտամբող ակնարկներ կուղղեր մորը։ Անիկա տխուր էր և չէր հաջողեր նույնիսկ արտաքին հետաքրքրություն մը ունենալ իր շուրջը անցած դարձածին. երբ կտեսնար եռանդուն մարդոց անվերջ շարանը իրենց մոտի անցքեն և անոնց ընկերացող կիներուն հանդարտ ուրախությունը, սիրտը կսեղմվեր անբացատրելի պատճառներով։ Իսկ մորը անիմաստ շատախոսությունը, որուն Նպատակը շատ լավ կհասկնար, ամոթ և ձանձրույթ կպատճառեր իրեն:


Բայց երբ երեկույթը սկսավ, և սրահին մեջ տիրող ոգևորությունը իր բարձրագույն կետին հասավ, ակամա Մաննիկն ալ վարակվեցավ: Անիկա նախանձեցավ այն կիներուն, որոնք կա՛մ կարգադրիչ հանձնախումբին մաս կկազմեին, կա՛մ որևէ պարտականություն ստանձնած ըլլալով, կերթային-կուգային և կաշխատեին իրենց ընկերներուն հետ. պարզությամբ և ընտանությամբ: Հետո Մաննիկը բուռն փափագ զգաց մոտենալու այդ կիներեն մեկուն, հանձնվելու անոր, խոնարհաբար խնդրելու, որ իրեն սորվեցնեն ապրիլ և օգտակար ըլլալ որևէ բանի: Անիկա այդ եռանդուն միջավայրին մեջ հանկարծ զգաց իր անօգուտ կյանքին ամբողջ ծանրությունը, որուն տակ կկքեր, որուն տակ թերևս վերջնականապես ջախջախված էր։ Բայց Մաննիկի հետաքրքրությունը իր բարձրագույն աստիճանին հասավ, երբ գաղութահայ բանվորուհիներու պատգամավորը, մեկ երիտասարդ կին, սկսավ խոսիլ համարձակությամբ և համոզումով։


- Հոկտեմբերյան հեղափոխությունը ազատագրեց կինը իր դարավոր կաշկանդումներեն,— կըսեր ան,— տվավ անոր հավասարազոր իրավունքներ, և այսօր մենք՝ բանվորուհիներս, կանգնած դասակարգային պայքարի հառաջապահ դիրքերու մեջ…


Տիկին Զարուհին կըսեր Բարպային, որ ինքը շատ անգամ լսեր էր ճառախոս տիկիններ Կ. Պոլսո մեջ և թե այդ տիկինները ավելի գեղեցիկ ոճով կխոսեին:


— Ասոնք դեռ կրթություն չունին,— ըսավ ան։ Բայց ներքնապես կնախանձեր այդ բանվորուհիեն և կզայրանար