Էջ:Barpa Khachik.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծ բոցավառեց զինքը։ Անիկա՝ հուզմունքի բարձրագույն աստիճանին հասած, դժգունեցավ, և անոր սև, բարակ ու կամարաձև հոնքերը ողորկ ճակատին վրա բարձրացան ու արտակարգ գեղեցկություն մը տվին անոր նրբագիծ դեմքին։


- Ո՞վ է այս երիտասարդը,— կհարցներ դեսպանը իր կողքին նստած հայ բժիշկի մը և անկե ստանալով հապճեպ տեղեկություններ, համակրանքով ժպտեցավ Միհրանին, կրկին ու առանձնապես ծափահարելով:


Երբ, վերջապես, Միհրանը սկսավ խոսիլ, անիկա գրեթե այլափոխված էր: Հրաշունչ բառերը կթռեին իր շրթներեն կարծես իրենք իրենց: Անիկա մոռցեր էր իր մտքին մեջ պատրաստած համեստ ճառը, որ շատ դժգույն էր այդ հուզումնալի սրահին համար։ Անիկա կարճ խոսքեր կնետեր այդ էլեկտրականացած սրահին մեջ, որոնցմե ոչ մեկր չէր վրիպեր։ Միհրանը, կարծես, կխլեր այդ հազարավոր բանվորներու հոգուն մեջ եղող միտքերը և անոնց կուտար սեղմ ձևակերպություն, անոր մտածումը սնունդ կստանար այդ հազարավոր մարդկանց մտածումներեն, գաղափարներեն, ձգտումներեն և հետզհետե կպայծառանար։


Անիկա նախ պատկերեց, թե ինչպես մարդկությունը բաժնված է երկու հակամարտ բանակներու, և թե ամեն մեկը կա՛մ մեկ կողմն է, կա՛մ մյուս: Ու այդ պայքարը «անհաշտ ու վերջնական պայքար Է»:


Հետո անիկա մեկ քանի սեղմ գիծերով պատկերեց Հայաստանի օրհասական կացությունը խորհրդայնացումեն առաջ և առհասարակ հայ ժողովուրղի եղերական վիճակը ցարերու և սուլթաններու բռնապետության տակ և ազգայնական կուսակցություններու խելագար և ոճրագործ արկածախնդրություններու հետևանքով: «Դարերու ընթացքին,— ըսավ ան,– այդ սեփական և օտար բորենիները ներշնչեր էին այն հաստատ համոզումը հայ աշխատավոր խաղաղ և տոկուն ժողովուրդին, որ տադ է իր դժխեմ ճակատագիրը կոտորվիլ, թալանվիլ, հոշոտվիլ, շահագործվիլ ամենավայրագ կերպով… և այդ ժողովուրդի ինքնակոչ անարժան հովիվները աշխարհահռչակ դարձուցին հայ ժողովուրդը իր անսահման թշվառությունով, իր եղերական ճակատագրով»: