Էջ:Barpa Khachik.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համար մեր խորհրդային հայրենեքը, մարդկության փառապանծ ապագան…»։


Միհրանի վերջին խոսքերուն աստիճանաբար սրահի բանվորները և ֆրանսիացի և օտարազգի ընկերները ոտքի կանգներ էին։ Հանդիսականներեն շատերը հետևեցան անոնց օրինակին, և բռունցքներու անտառ մը բարձրացավ օդին մեջ։ Սպառնական լռություն մը կտիրեր սրահին մեջ, ուր Միհրանին բառերը հնչեցին՝ ավելի լայն և խոր իմաստ ստանալով։ Երբ Միհրանը իր խոսքը վերջացուց, փոխանակ ծափահարություններու՝ թնդաց «Ինտերնացիոնալը»։


Հազարավոր ձայներ կերգեին միջազգային մարտական երգը՝ վեհաշուք հանդարտությամբ։ Ծանրակշիռ և անդրդվելի բան մը կար այդ գոռ հանդարտության մեջ, որ հետևանք էր ոչ միայն Հայաստանի պրոլետարիատի հաղթական պայքարի ոգեկոչման, այլև իրենց՝ ֆրանսիացի պրոլետարիատի գալիք հաղթական օրերու հաստատ համոզումին։ Եվ հազարաձայն երգը կբարձրանար միահամուռ կամքով, ինչպես մեկ երգ, մեկ հսկա սրտի թրթիռ։


Միհրանի խոսած ժամանակ Բարպան նախ հաճելիորեն զարմացեր էր Միհրանի գտած ընդունելության վրա և հետըզհետե տոգորվեր էր օրինավոր հպարտությունով։ Բայց շուտով մոռցեր էր, որ Միհրանը իրեն ընտանի մարդ է, գրեթե իր զավակը, և իյնալով անոր խոսքերու հմայքին տակ, հաղորդակից եղեր էր սրահի խանդավառության։ Անիկա առաջինը ոտքի կանգներ էր, չի կրնալով հանդարտ մնալ իր տեղին վրա, և ալեհեր գլուխը տնկած, դեմքը դարձուցած դեպի Միհրանը՝ անիկա կժպտեր երանությամբ։ Անոր կնճռոտ ճակատը պարզվեր էր, աչքերը լեցվեր էին լույսով։ Անիկա լուռ կժպտեր և մորթը թուշին վրա պրկված՝ գրեթե ջնջեր էր այտերու խորշոմները։


Տիկին Զարուհին, տեսնելով Միհրանի հաղթանակը, ինքզինքին դառն մեղադրանքներ կըներ, մտածելով, որ ժամանակին իր բուն արժեքով չի գնահատեց այդ տղան։ Անիկա աստիճանաբար ափսոսալով իրենց անգիտակցությունը, մտքովը մեղադրանքները կփոխադրեր իր աղջկան վրա։ «Անխե՛լք աղջիկ,– կխորհեր անիկա սրտմտությու–