Էջ:Barpa Khachik.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նով,— բախտը լալըն հագավ, իր ոտքովը եկավ քեզի, դուն ալ երես դարձուցիր, դե՜հ, հիմակ ալ գնա քաշե՛ս», և գլուխը կշարժեր հանդիմանական արտահայտությամբ։


Մաննիկը կզգար մորը զայրույթը, բայց ան պաշարված էր ուրիշ զգացումներով։ Ան ալ ափսոսալով կմտածեր իր անցյալի մասին, որուն դատարկությունը գլխու պտույտ կպատճառեը իրեն։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, կկրկներ մտքովը անիկա, ինչո՞ւ իր կյանքը այդքան հիմար ուղղություն էր ստացեր։ Երբեմն Մաննիկը կմտածեր, թե ինքն ալ ընչազուրկ էր, ինքն ալ ստիպված էր իր աշխատանքովը ապրիլ և նույնիսկ ինքը ուղղակի կերպով զոհն էր Զարեհ էֆենդիի նման զզվելի բուրժուայի մը։ Ինչպե՞ս կըլլար, որ ինքը Միհրանի բանակեն չէր։ Խոր վիհ մը զինքը կբաժներ Միհրանեն, և Մաննիկը զգաց, որ ինքը արժանի ընկերուհի չէր կրնար ըլլալ անոր։ Սակայն ինչքան երջանիկ պիտի ըլլար, եթե նման ըլլար այն հասարակ բանվորուհիներուն, որոնք ընտանեբար կմոտենային Միհրանին, կխոսեին և կգործակցեին անոր հետ։ Մաննիկը դառնությամբ կմտածեր, որ Միհրանի այդ նոր ծանոթները ավելի մոտ էին անոր, քան թե ինքը, որ մանկական տարիներեն ճանչցեր էր այդ տղան։ «Ինչո՞ւ, ինչո՞ւ», կհարցներ ան ինքզինքին։ Իրենք ալ հարուստ չէին,երբեք հարուստ չէին եղած. հայրը պաշտոնյա էր, ուրիշ ոչինչ. հանկարծ Մաննիկը որոշակի զգաց, որ Բերայի անիծյալ տունն էր եղեր պատճառը, որ իր կյանքը դուրս էր եկեր բնական ընթացքեն։ Տունը գրգռեր էր ճիզվիտին ընչաքաղցությունը և անոր տիրանալու համար մայրը քաշեր տարեր էր իր աղվեսի որջին մեջ։ Եվ այդ մեկնակետեն կբխեր բոլոր մնացածը։ Մաննիկը զզվանքով հիշեց՝ առանց հարուստ ըլլալու հարուստի պես ապրելու ծանր և դժնդակ կյանքը: Անոր նողկանք կպատճառեին իր և մորը կրած նախատինքները և հետո Արտակը, Արուսյակը, որուն ճակատի երակը կցցվեր իր աչքին առաջ՝ թունավոր իժի պես… և հետո իր դեռ մատղաշ հասակին մորը պատվերով ըրած պչրանքները՝ սիրաշահելու համար Արտակը, որուն ցուրտ ակնարկը հիշեց ինչպես մահացու մեղադրանք։ Եվ հետո պատերազմը, վատ տարիներ, նախ գերմանացիները, ավստրիացիները և հետո