Էջ:Barpa Khachik.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաշնակիցները։ Մաննիկին կթվեր, որ այդ բոլոր բանակները անցեր էին իր վյրայեն, ոտնակոխ ըրեր էին զինքը և թողեր էին իր հոգվույն մեջ անջնջելի կեղտ և ամոթ։ Եվ դեռ այսօր մայրը կփորձեր, իր խաբեական միջոցներով, այդ մաքուր և վճիտ տղու աշխատանքի և պայքարի կյանքը կապել իր նման ապականված աղջկան մը ողորմելի և սնամեջ կյանքին հետ: Օ՜հ, ո՛չ, ո՛չ… եթե նույնիսկ Միհրանը ուզեր, ինքը կմերժեր վճռականապես, անոր հայտնելով անկեղծորեն իր բոլոր պատճառները։


Մտրակված էլեկտրականացած մթնոլորտեն, Մաննիկը հետզհետե անձնատուր դարձեր էր ինքնամբաստանության անդիմադրելի հրայրքին։ Ա՜հ, ըսել այդ հազարավոր բազմության առաջ իր թաքուն մեղքերը, իր ողորմելի կյանքի բոլոր կեղտերը… ըսել ամենուն, ամենուն՝ ահա՛ թե ինչ եմ ես իսկականին մեջ, մերկանալ և ցույց տալ իր էության բոլոր թարախոտ վերքերը, և թո՛ղ ամենքը թքնեին իր երեսին,թող ամենքը ոտնակոխ ընեին զինքը, բայց հաներ վերջապես իր դեմքեն այն դիմակը, որ շնչահեղձ կըներ զինքը։


Եվ անիկա լռիկ կուլար՝ թաշկինակը կրծոտելով, և արցունքը կհոսեր այտերեն ծունկերուն վրա, արատավորելով մետաքս հագուստը և նույնիսկ կաթկթելով մինչև գետին։


Բարպան պահ մը նշմարեց Մաննիկի արցունքները, որ վերագրեց Միհրանի խոսքերուն հառաջ բերած վարակիչ հուզմունքին։ Անիկա ուրիշ կիներու աչքերուն մեջ ալ արցունք կտեսներ, մանավանդ, պառավ կիներուն, որոնցմե մեկը հաճախակի իր ակնոցը կհաներ՝ անոր վրա կազմված մշուշը սրբելու համար։


Միհրանի ճառեն հետո, նախագահը հայտարարեց, որ կես ժամու չափ դադար պիտի ըլլար, ուրկե հետո պիտի սկսեր երեկույթին գեղարվեստական բաժինը։


Մեղմորեն, առանց իրարանցումի հանդիսականները դուրս կուգային իրենց շարքերեն, ծանոթներ և բարեկամներ կանգ կառնեին անցքերուն մեջ՝ իրար հետ խոսելով։ Տիկին Զարուհին աչքովը կփնտրեր Միհրանը, աղջկանը հետ դեպի անոր կողմը երթալու համար, և ան տեսավ Միհրանը խարտյաշ և բարձրահասակ աղջկան մը հետ, որուն խոշոր կապույտ