Էջ:Barpa Khachik.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքերը դարձան իր կողմը։ Տիկին կարուհին բոլոր հոգվովը վրդովվեցավ, կարծես թե ձեոքեն բան մը կխլեին, և այդ միջոցին ահա անիկա տեսավ Մաննիկը՝ ընկճված իր դառն հուզմունքին մեջ, դեմքը ավերված, կոպերը կարմրած ու նայվածքը ընկղմած դեռ անդիմադրելիորեն հոսող աղի արցունքի մեջ։


— Խե՞նթ ես, ինչ ես, Մաննի՚կ,– ըսավ ան ջղագրգռված և իր ձեռքի պայուսակի մեջեն կատաղությամբ հանեց բրնձափոշիի տուփը և փոքրիկ հայելի մը և աղջկանը տալով՝ ըսավ սեղմված ակռաներուն մեջեն,— ա՛ռ, դեմքդ կարգի բեր, հիմա՛ր, ժամանակ գտա՞ր…


Մաննիկը աղիողորմ նայվածք մը ուղղեց մորը, բայց անմիջապես զգաց, որ որևէ հույս չկար անկե։ Երբեք տիկին Զարուհին այդքան արհամարհական չէր եղեր իր աղջկան նկատմամբ։ Մայր ու աղջիկ իրենց ամենավատ օրերուն իսկ դեռ որոշ քաղաքավարական վերաբերմունք պահած էին իրարու նկատմամբ։


— Ես տուն կուզեմ երթալ,— ըսավ Մաննիկը, — տուր բա¬ նալին։


— Գնա՛,— ըսավ տիկին Զարուհին, զայրույթեն դողալով և սենյակի բանալին տվավ։


Տիկին Զարուհին այնպիսի տպավորություն ուներ, որ Մաննիկը դիտմամբ կըներ այդ բոլորը՝ զինքը կատղեցնելու համար, անիկա դիտմամբ կխանգարեր իր ծրագիրը և թե, վերջապես. իր միակ դժբախտությունը իր աղջկան գոյությունն էր։


Տիկին Զարուհին քիչ հետո Բարպայի և ուրիշներու հետ կշատախոսեր և կծիծաղեր։ Անիկա կջանար իր խոսակիցներու բարձր տրամադրության մակարդակին բարձրանալ, բայց ներքնապես անիկա լեցուն էր զայրույթով և մտահոգություններով։ Երբեմն գաղտնապես կհառաչեր և կմտածեր, «Աս ի՜նչ խաչ է, որ աստված գրեր է իմ վրաս»։


Եվ այդ խաչը իր թշվառ աղջիկն էր, որուն դժբախտ կացությունը փոխանակ իրեն կարեկցություն ներշնչելու, կվիրավորեր իր քաղքենիի հպարտությունը։