Էջ:Barpa Khachik.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար է, որ կուզեմ երթալ Հայաստան։ Ո՛չ, ընկերնե՛ր, եթե ես հանդուրժեմ իմ բուրժուական ընտանիքի մթնոլորտին, ոչ մեկ բանի պետք չեմ ունենար, հանգիստ և բարեկեցիկ կյանք կունենամ, ապագաս ապահովված կըլլա, բայց ես չեմ ուզեր, չեմ կրնար տանիլ այդ կյանքը,— ըսավ ան հետզհետե գերագրգռվելով, – չե՛մ կրնար և կթքեմ ու թքեր եմ արդեն այդ կյանքին վրա…


Անիկա հանկարծ նստեցավ և կջանար իր դեմքը ծածկել իր առաջ նստողներու ետև։ Անիկա դողդողացող մատներով հաներ էր ակնոցը և ճերմակ ու նուրբ թաշկինակով կսրբեր անոր ապակիները։


Երիտասարդին այդ ելույթը զանազան տեսակի զգացումներ ներշնչեց ներկաներուն։ Ժանեթը ժպտելով կնայեր իր ընկերներուն, և անոր ժպիտին մեջ որոշ ծաղր կար։ Անոնք իրենց հասարակական և կուսակցական գործունեության ընթացքին հաճախ կպատահեին իրենց դասակարգին դեմ ըմբոստացած պատանիներու և երիտասարդներու, որոնք կնետվեին անվերջ մեկ ծայրահեղութենեն դեպի մյուսը:Անոնք անհամբեր կըլլային, անհանդուրժող և հավակնություններով փքված, որովհետև անվերջ կուզեին արժեցնել այն «հերոսական» քայլը, որ առած են, խզվելով իրենց դասակարգեն և չի մոռնալով երբեք այն, հաճախ իրական, զոհողությունները, որ ըրած են այդ քայլը առնելով։ Բայց Ժանեթը փորձով գիտեր,որ այդ երիտասարդները, որոնք շատ անգամ տարիքի տագնապի մեջ էին և իրենց անկախությունը հաստատելու համար կիյնային կա՛մ ծայրահեղ աջ, կա՛մ ծայրահեղ ձախ կուսակցություններու մեջ, անկեղծ ըլլալով հանդերձ իրենց ըմբոստության մեջ, անպետք կդառնային, երբ հարկ ըլլար համեստ և առօրյա աշխատանք կատարել։ Անոնք պատրաստակամ էին մեծ արարքներու, հերոսական կեցվածքներու, բայց անընդունակ էին պրոլետարիատի պայքարի ճակատին, հանդուրժելու գործնական կյանքի մանրամասնությունը։


Լսելով հայ երիտասարդին խոսքերը, Ժանեթը անմիջապես մտածեց, որ անիկա այն տեսակ թիփերից էր, և իր կարծիքը պիտի հաղորդեր Միհրանին, երբ տեսավ, որ անիկա,Մարիայի խորհուրդով, երիտասարդը կկանչեր իր մոտ։