Էջ:Barpa Khachik.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ես վստահ եմ,— ըսավ ան,— մենք շատ հետաքրքրական խոսակցություններ կունենանք միասին։


Այդ միջոցին Յորկին սկսավ խոսիլ բաժակ առաջարկելով ֆրանսիական պրոլետարիատի ի պատիվ։ Անիկա ոտքի չի կանգնեցավ և ոչ մեկ հանդիսավորություն չի տվավ իր բաժակաճառին։ Անիկա կխոսեր հանդարտությամբ և լրջությամբ։ «Արևմտյան Եվրոպայի մեջ,– ըսավ ան,– առաջնակարգ դեր վերապահված Է ֆրանսական հեղափոխական պրոլետարիատին»։ Սեղանին շուրջը նստողները, առանց բացառության, վարակվեցան Յորկիի ծանր լրջութենեն։ Անոր թավ և սև հոնքերը, նեղ ճակտին վերևեն ցցված խիտ և սև մազերը, ուժեղ կզակը և մսուտ, բայց անթերի գիծով շրթունքը, լայն ուսերը, այդ բոլորի ամբողջությունը, որ Յորկիին նստած դիրքին մեջ — սեղանին եզրը կկտրեր անոր կուրծքը երկուքի — կուտային անոր հռովմեական լավագույն շրջանի կիսանդրիի մը տպավորությունը, խոր վստահություն կներշնչեին, և երբ անիկա իր խոսքը վերջացնելով ըսավ, թե ինքը կլսեր գալիք ժամանակներու մեջ ֆրանսիական պրոլետարիատի հաղթական քայլերը, ամենքն ալ ուշադիր եղան՝ կարծես լսելու համար այդ ամուր քայլերու դոփյունները ժամանակի և տարածության մեջ։


Բարպան խորաթափանց աչքերով կդիտեր ամենքը։ Բարպայի ներուժ նայվածքը իրեն քաշեց ընկերներեն մեկուն ուշադրությունը։ Անիկա խարտյաշ երիտասարդ մըն Էր, բացգորշագույն աչքերով, նուրբ դիմագծերով։


— Յորկի՛,- ըսավ ան,– մենք չենք մոռնար մեր օտար ընկերներու մեզ բերած թանկագին աջակցությունը ոչ միայն իրենց երկիրներու մեջ, այլևս մեր կողքին, Ֆրանսայի հողին վրա։ Ընկերնե՛ր,— ըսավ անիկա շուրջանակի ակնարկ մը նետելով,— խմենք՝ հանձին Յորկիի՝ մեր հույն, իտալացի, իսպանացի, չեխ, լեհ, բուլգար և այլ ազգություններու պատկանող ընկերներու կենացը։


— Եվ թուրք ընկերներու,– ըսավ կապուտաչվի և սևահեր ֆրանսիացի մը։


— Եվ մեր թուրք ընկերներու կենացը, որոնք, ինչպես կպատմե Յորկին, առաջնորդեր են իր առաջին քայլերը: