Էջ:Barpa Khachik.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլորն ալ ոտքի ելան։ Յորկին հուզմունքի ազդեցության տակ խոժոռեր էր. անիկա հիշեց Թաթավյայի իր հայրենի տունը և հայրն ու մայրը և իր աչքերը դարձուց Բարպային. հետո ձեռքը դրավ անոր ուսին և ըսավ.


- Քեզ հետ, Բարպա՛, կխմեմ մեր այնտեղ թողած ընկերներու կենացը և զոհերու հիշատակին։


Միհրանը նույնպես հիշեր էր Վասիլը և կուզեր խոսիլ անոր մասին։ Բայց իր ֆրանսիացի ընկերները կըսեին. - Միհրա՚ն, մեզ պատմե թուրք ընկերներու պայքարի և կյանքի մասին։


— Տարօրինակ, զարմանալի բաներ կպատմե Միհրանը, — կըսեր ֆրանսիացի մը իր կողքի ընկերոջ,– արտակարգ հերոսություններ՝ Թուրքիո կոմունիստներու ընդհատակյա աշխատանքի ընթացքին։


— Ես ձեզ կպատմեմ, թերևս և գրեմ,—ըսավ Միհրանը,– մեր Թուրքիո ընկերներու հերոսական պայքարի մասին, բայց այժմ ժամանակը ուշ է և վերջացնելե առաջ կուզեի, որ այստեղ՝ Փարիզի մեջ, այս ընկերական սեղանի շուրջը մենք հիշեինք մարդ մը, որ վարպետ արհեստավոր էր, որուն մանկությունը անցեր էր անասելի չքավորության մեջ, որ սուզվեր էր մարդկային թշվառության մինչև խորքը և կուզեր քիչ մը հանգիստ, քիչ մը լույս սփռել այդ խավարի մեջ։ Այդ մարդը, ընկերնե՛ր, իհարկե, կոմունիստ չէր, բայց ուներ աշխատավորական շահերով և իրավունքներու հստակ գիտակցություն։ Անիկա գիշեր ու ցորեկ կմտատանջվեր և կորոներ այն ճանպարհը, որ նեղ անելեն դուրս պետք էր բերեր աշխատավորությանը։ Անիկա պատրաստ էր զոհել իր անձը, ընտանիքը, ամեն ինչ։ Եվ ան զոհաբերեց այդ բոլորը, ընկերնե՛ր,և անիկա ընկավ դեռ իր ճանապարհը չի գտած։ Ես վստահ եմ, ընկերնե՛ր, որ եթե ողջ ըլլար, այսօր մեզ հետ կըլլար,այս սեղանին շուրջը։ Անոր անունը Վասիլ էր, ընկերնե՛ր, և ան հայրն էր մեր սիրելի, մեր արի ընկերոջ, մեր Յորկիին։


Ամեն կողմերե բացականչություններ, ուռաներ գոչեցին. բոլոր բաժակները բարձրացան։ Սրճարանին մեջ ուրիշ հաճախորդներ սկսան ուշադրություն դարձնել։