Էջ:Barpa Khachik.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց այսուսւմենայնիվ գոհ էր. անոնք կարծես երկու սիրահարներ էին, և երբեմն անցորդներ բարյացակամ ակնարկով կնայեին իրենց։


Միհրանը ժամանակի ընթացքին փոխվեր էր։ Անիկա փարիզյան կյանքին մեջ ստացեր էր ճկունություն և շարժուձևի վայելչություն, կհագվեր միշտ ճաշակով և պարզությամբ. անոր բարեձև հասակը, բայց մանավանդ նուրբ դիմագծերը երբեք չէին կարող մաածել տալ իր պլեբեյան ծագումին։ Միշատ թարմ ածիլված, անոր մորթը կանացի փափկություն ուներ, և վերին շրթունքը՝ քիչ մը ուռած, դեռ պահած էր մանկական անորոշ արտահայտություն մը, որը երբեմն մտածել կուտար քաղցրեղեններու համար ունեցած հակումին և երբեմն ալ տեսակ մը տարտամ տխրության, որուն ակունքը, սակայն, իր մեջ չէր:Անիկա հաճույք և վստահություն կներշնչեր։ Կանխահասորեն բեռնավորված պատասխանատու գործերով, անիկա լուրջ Էր, երբեմն մտածկոտ, բայց միշտ պատրաստակամ՝ ուրիշին ծառոյելու, հաճույք պատճառելու:


Ընդհակառակը, Մաննիկը Փարիզ գալեն հետո օրերու և շաբաթներու ընթացքին կորսնցուցեր Էր իր փայլը, ոսկեթափ եղեր Էր։ Անիկա համակերպեր Էր իր նոր վիճակին հլությամբ, ինչպես ճակատագրական դժբախտություն, և անիկա իր դեմքին, ինչպես և ամբողջ անձին վրա կկրեր այդ հլության կնիքը։ Մաննիկի համար ջախջախիչ տպավորություն ըրեր Էր նաև այն հանգամանքը, որ անիկա այլևս տղամարդոց չէր ներշնչեր այն հրապույրը, որուն սովոր էր և որը դեռ տանելի դարձուցեր էր իր Փարիզի կյանքին առաջին շաբաթները։ Անիկա, թեև անկեղծ զզվանքով, կխորհեր Պսլսո մեջ, մանավանդ պատերազմի շրջանին, անցուցած կյանքի, մասին, բայց չէր կարող չի զարմանալ և երբեմն չափսոսալ այն վարդագույն և սիրուն աղջկան վրա, որ կհրապուրեր նույնիսկ անցորդները և որը, կարծես, ամբողջովին չքացեր էր:Իր մանկության հասակեն սովորած ըլլալով համարվելու գեղեցիկ աղջիկ, այժմ հարկադրված էր հիասթափ ըլլալու այդ մասին և համակերպելու այն իրողության, որ գեղեցիկ չէր: Եվ այդ գիտակցությունը կորսնցնել տվեր էր իր ինքնավստահությունը, շփացած աղջկան պչրոտ զվարթությունը։