Էջ:Barpa Khachik.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ անոնք հասան Մոնբառնասի վրա, Միհրանը Մաննիկը առաջնորդեց Ռոտոնդի սրճարանը, որ այդ միջոցին դեռ լիքը չէր։ Անոնք կրցան առանձնանալ անկյուն մը, մարմարյա սեղանի մը առաջ։ Աոաջին րոպեներուն Մաննիկը վայելեց ֆիզիկապես հանգստանալու հաճույքը, անիկա նույնիսկ մեղմորեն ժպտեցավ Միհրանին, բայց անոր նայվածքը կմնար տխրությունով քողարկված։


Միհրանը արդեն զգացեր էր Մաննիկի այլափոխությունը, բայց այդ օրը ավելի որոշակի զգաց, թե ան փոխված էր ֆիզիկապես և հոգեպես, և այդ հանգամանքը խոր արգահատանք ներշնչեց իրեն։ Մաննիկի տխուր աչքերը, որոնց ծիածանին վրա եղող ոսկեգույն փուլերը աղոտացեր և, կարծես թե, արատներու վերածվեր էին, կարծես թե զինքը կմեղադրեին։ Եթե անոնք կրկին կայծկլտային չարաճճիությամբ, եթե անոր այտերուն վրա կրկին երևային անփույթ զվարթության փոսիկները, այն ատեն ինքն ալ կհանգստանար և կարող կըլլային բնականորեն խոսիլ, նույնիսկ վիճիլ իրարու հետ: Եվ Միհրանը, վերջ դնելու համար այդ տաժանելի կացության, սկսավ խոսիլ։


- Մաննի՛կ,— ըսավ անիկա,— մենք իրար ճանչցած ենք տարօրինակ հանգամանքներու մեջ, բայց վերջապես մեր պատանեկան տարիներուն, իրարու հանդիպած ենք հաճախ, և ես պետք է խոստովանիմ,-ըսավ ան բռնազբոսիկ ժպիտով, — որ իմ պատանեկան հոգուս բոլոր թափովը սիրած եմ քեզի։


Մաննիկը ակնապիշ սկսավ նայիլ Միհրանին։ Անիկա, կարծես թե, այդ պահուն կլսեր արտակարգ հայտնություն մը։


Միհրանը ուզեց հարցնել՝ «Մի՞թե դու այդ չես զգացեր», բայց մտածեց, որ իր հարցումը կըլլար կեղծ և անհարկի։ Անիկա կուզեր անմիջապես հայտնել Մաննիկին, որ իր կյանքը կապեր էր Մարիայի հետ, որպեսզի Մաննիկին մեջ չարծարծվեին զուր հույսեր, որոնց գոյությունը որոշակի զգացեր էր, մանավանդ, տիկին Զարուհիի վարմունքին մեջ, և որպեսզի, նաև ծնողական այդ հեռանկարներն դուրս, կարենային իրենց մեջ ստեղծել եղբայրական և նույնիսկ ընկերական կապեր։ Միհրանը պատրաստ էր Մաննիկին օգնելու, որպես