Էջ:Barpa Khachik.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զի անիկա դուրս գա իր այդ ընկճված վիճակեն, և այդ դիտավորությամբ ամրացած, անիկա ըսավ.


— Այն ժամանակ մենք իրարմե բաժնված էինք անանցանելի դասակարգային պատնեշներով, բայց այժմ մենք լավ ընկերներ կրնանք ըլլալ։


Մաննիկը արտևանունքը թարթեց արագությամբ և նայվածքը հառեց գետին։

— Ուրիշ բան մը չե՞՛ս ուզեր առնել,– ըսավ Միհրանը, երբ իրենց կաֆեները խմեցին։


Մաննիկը գլխով ժխտական շարժում մը ըրավ, հետո կրկին նայեցավ Միհրանին աղերսական և ողբագին նայվածքով. անոր շրթները դողացին, և արցունքի երկու կաթիլներ սահեցան անոր նիհարած և դժգույն այտերուն վրա։


Միհրանը նախ շփոթեցավ և հետո ինքն իրեն հավաքեց և անմիջապես սկսավ խոսիլ առատությամբ։


— Լսե ինձ, Մաննի՛կ,– ըսավ ան եղբայրական գորովանքով,— դու քեզ դժբախտ կզգաս, որովհետև կյանքի ուրիշ հեռանկար մը ունեիր, որը կորսվեցավ։ Եթե դուն ավելի խորը մտածես, կրնաս հասնիլ այն կարծիքին, թե ավելի լավ է, որ այդ հեռանկարը կորսվեցավ։ Դուն այժմ աշխատավոր կին ես, հաստատ և ամուր կանգնե այդ դիրքիդ մեջ. դուն իրավունքներ ունիս որպես աշխատավորուհի, ջանա ձեռք բերելու այդ իրավունքներդ…


— Ի՞նչ իրավունք, ես ոչ մեկ իրավունք չունիմ,— ըսավ Մաննիկը դողդողացող ձայնով։


Այն ատեն Միհրանը իրեն խոսեցավ սենդիքայի մասին, հետո խոսեցավ առհասարակ աշխատավորներու իրավունքներու մասին. Մաննիկը հետզհետե հետաքրքրված կլսեր, բայց Միհրանը նշմարեց, որ անիկա ավելի ուշադիր էր կետ առ կետ հետևելու, ավելի ճիշտը՝ հնազանդելու Միհրանի խոսքերուն, քան թե կհետաքրքրվեր բուն իսկ իրեն ներկայացված խնդրով։ Մաննիկը վերջիվերջո վերցուց սենդիքայի Պերմանանսի հասցեն և գործնական խնդիրներու մասին խոսելով, քիչ մը ոգևորվեցավ. անոր դժգույն այտերը սկսան գունավորվիլ, և վերջապես անիկա ժպտեցավ Միհրանին անկեղծ բարեկամությամբ։