Էջ:Barpa Khachik.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչքա՜ն հիմար եղեր է մեր կյանքը,– ըսավ Մաննիկը խորը հառաչելով,— հիմակ երբ հետադարձ ակնարկ մը կնետեմ իմ ամբողջ կյանքիս վրա, կտեսնեմ, որ անիկա միշտ, սկիզբեն մինչև վերջը կազմված է եղեր կեղծիքով և ստությունով, իսկ հիմակ, Միհրան,— ըսավ անիկա եռանդով,— կարծես տոգորված եմ իմ անցյալ կյանքի թույնով և այնքան կուզեմ, որ ամեն բան հիմեն փոխվի… կուզեմ ապրիլ ուրիշ կյանքով, սկսիլ նոր կյանք մը, բայց…


— Ո՞վ քեզ կարգիլե… սկսե՛,— ըսավ Միհրանը կես-կատակով, կես-խրատական։


— Ո՞վ կարգիլե… մա՛յրս,— ըսավ Մաննիկը խոր դառնությամբ,— մայրս է, որ իմ կյանքս ուղղեր է դեպի այդ կեղծիքներու և ստության շառավիղը, և այսօր ալ ան չէ հրաժարած իր երազներեն… բայց ես այլևս չեմ ուզեր ենթարկվիլ անոր սարքած դավերուն. բայց միևնույն ատեն, Միհրան, ես չափազանց շատ կմեղքնամ մայրս… Այո՛, վերջին ժամանակները ես պարզապես այնպես ձեացուցի, որ դեռ կենթարկվիմ իր պատվերներուն, բայց ես որոշեր էի, որ եթե դուն ինձ ամուսնության ուզեիր, ինչպես մայրս կհուսար և դեռ կհուսա, ես ամեն ինչ պիտի հայտնեի քեզ, ես քեզ պիտի ոջատմեի իմ խայտառակ, զզվելի կյանքս…


Միհրանը ձեռքովը փակեց Մաննիկի բերանը և մըմնջեց.


— Մաննի՛կ, Մաննի՛կ, այդ բոլորը մոռցիր, այնպես համարե, որ չի կա, չի եղեր և վերանորոգված հոգվով այժմ…


— Դուն այդ բոլորը գիտեի՞ր արդեն,– ըսավ Մաննիկը մտահոգված։


— Այո՛,— ըսավ Միհրանը լուրջ դեմքով։


— Եվ այդ բոլորը գիտնալով, դեռ այն ատեն, Պոլիս, կուզեի՞ր ինձ հետ ամուսնանալ։


— Այո՛, — ըսավ կըկին Միհրանը։


Երկուքն ալ լուռ մնացին. Մաննիկը Միհրանին նայեցավ հարցական։


— Իսկ այժմ ես իմ կյանքս կապեր եմ ուրիշ կնոջ հետ,– ըսավ Միհրանը՝ ակամա խոժոռելով։


Մաննիկը՝ այդ լսելով, նախ մեռելի նման դժդունեցավ, հետո հանկարծ կարմրեցավ, և շրթնեըը կրկին դողդողացին,