Էջ:Barpa Khachik.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց անիկա հաջողեցավ ինքզինքը զսպել և աղոտ աչքերով՝ նայելով Միհրանին՝ ըսավ.


— Ավելի լավ, որ այդպես է, Միհրա՛ն: Մեր մեջ այլևս որևէ ուրիշ զգացում չի կրնար սպրդիլ, բացի եղբայրական զգացումը։ Ասկե հետո ես ավելի համարձակ և ավելի անկեղծ կերպով կմոտենամ քեզի… Ես այնքան կուզեի քեզ հետ աոանձին խոսիլ… Ես ուրիշ մտերիմ չունիմ այս քաղաքին մեջ, բայց կքաշվեի քու ետևեդ գալու, վախնալով, որ կկարծես, թե…— Անիկա գլուխը թոթվեց և հարցուց,— գեղեցի՞կ է… անունը ի՞նչ է։


— Մարիա,— ըսավ Միհրանը։


Մաննիկը տխրությամբ ժպտեցավ Միհրանին։


— Երեկույթին եկա՞ծ էր,— հարցուց անիկա։


— Այո՛,— ըսավ Միհրանը, և հանկարծ Մաննիկը զգաց, որ տհաճություն և անհամբերություն կար Միհրանի կտրուկ պատասխաններու մեջ։


Հետո անոնք կրկին խոսեցան Մաննիկի սենդիքայի մեջ մտնելու մանրամասնություններու մասին։ Միհրանը խոստացավ ինքը անձամբ ներկայացնել Մաննիկը։


— Մենք Պոլսո մեջ ինչքան անտեղյակ մարդիկ էինք,– ըսավ Մաննիկը՝ խորը հառաչելով,— ես չեմ գիտեր, Միհրա՛ն, թե երբևիցե ես կդառնա՞մ լուրջ մարդ, աշխատավորուհի՝ բառին իսկական իմաստով, բայց իրականություն է, որ զզվելով կմտածեմ իմ անցյալ կյանքի մասին… Իսկ իմ կյանքիս դժվար կողմը այն է, որ մայրս անդադար ինձ կհիշեցնե այդ ատելի անցյալը… մայրս շղթա մըն է իմ ոտքիս կապված,— ըսավ ան զայրույթսվ։— Խնդիրը այն է,— ավելցուց Մաննիկը պահ մը լռությունե հետո,— որ ես ալ իր դժբախտությունն եմ… Մայրս չի տեսնար և չի գնահատեր իմ որդիական պարտականություններու գիտակցությունը։ Ես ընդունեցի առաջին գործը, որ ներկայացավ, առանց տատանվելու, որովհետև մենք օրվա հացին կարոտ մարդիկ դարձեր էինք, Միհրա՛ն։ Բայց մորս համար այդ բոլորը ոչինչ։ Անիկա ինձ շնորհակալ կըլլար միայն այն ժամանակ, եթե ես ամուսնանայի որևէ մարդու հետ… մորս համար ծանր է չա–