Էջ:Barpa Khachik.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վահրամը աչքով նշան ըրավ Բարպային, որ քիչ մը սպասե, և սկսավ գոչել.


— Գնեցե՛ք պրոլետարիատի հարազատ օրգանը, «Յումանիտեն», որ կպաշտպանե աշխատավորներու շահերը։


Խարտյաշ և գռուզ պատանին իր կարգին կգոչեր.


— Մի՛ խաբվիք բոլշևիկներու ծախվածներեն, հայրենիքի և քաղաքակրթության թշնամիներեն, գնեցեք «Աքսիոն ֆրանսեզը», հայրենասեր ֆրանսացիներու օրգանը, որ կարտահայտե հարազատորեն…


Բայց մետրոյեն դուրս ելլողները մեծ մասամբ բանվորներ Էին, և Վահրամը հազիվ թե կհասներ թերթ ուզողներուն գոհացում տալու։


Բարպան՝ մեկ կողմ կանգնած, սիգարեթ մը ոլորեց և զվարճացող ակնարկով կդիտեր այս տեսարանը։


Մութը սկսած Էր իջնել, և ցուրտ մթնշաղին մեջ Էլեկտրական լամպերու լույսը կպղտորվեր և երբեմն կաղոտանար։ Փոքրիկ կողովներով ծաղկավաճառները, իրենց կարգին, կհարձակեին մետրոյեն դուրս ելլողներու վրա։ Դիմացի մայթին վրա իրարու հաջորդող սրճարանները լի Էին հաճախորդներով, և անկյունի բացօդյա շագանակավաճառի վառարանեն կհասներ խորոված շագանակի ախորժաբեր հոտը։


Ամեն անգամ, որ մետրոյի Ժամանումներու մեջ կարճ ընդհատում մը կըլլար, թերթ ծախող երկու երիտասարդները իրարու կուղղեին հայհոյություններ, սպառնալիքներ, բայց երբեմն ալ, անակնկալորեն, կփոխանակեին քաղաքավարություններ։


Խարտյաշ պատանին գրպանեն հանեց սիգարեթ մը և լուցկին որոնեց ու չգտնելով, դիմեց Վահրամին.


— Արդյոք լուցկի չունի՞ք, պարո՛ն,– հարցուց ան։


Վահրամը գրպանեն հանեց լուցկիի տուփ մը և խարտյաշ պատանիին կարկառելով՝ սկսավ գոչել, դիմավորելով մետրոյի խորշեն դուրս եկող հոսանք մը.


— Գնեցե՛ք «Յումանիտեն», ֆրանսական կոմկուսի օրգանը, աշխատավորներու հարազատ արտահայտիչը, միակ անկաշառ թերթը…


— Գնեցե՛ք «Աքսիոն ֆրանսեգը», — ըսավ խարտյաշ պա-