Էջ:Barpa Khachik.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Երևակայե, ես միշտ մտածեր եմ, որ դուն այդ ճամփով պիտի երթաս:


Պահ մը լռութենեն հետո Յորկին ավելցուց.


֊ Այդ լավ Է, շատ լավ Է, բայց պետք Է դուն ալ ընես ինձ նման, մտնես գործի որևէ բնագավառի մեջ՝ մոտեն ծանոթանալու համար աշխատավորական մասսաներուն…


- Այդպես ալ կընեմ,— ըսավ Միհրանը։


Եվ տարօրինակ խանդավառություն մը բոցավառվեցավ իր մեջ։


- Քեզի համար կգտնենք հարմար գործ մը,– ըսավ Յորկին,— քու ֆիզիկական կազմվածքդ թույլ չի տար ինձ նման աշխատելու:


Միհրանը բողոքեց.


- Ինչո՞ւ ո՛չ։ Մի՞թե բոլոր բանվորները ֆիզիկապես ամուր և առողջ են…


- Միհրան,— ըսավ Յորկին լուրջ շեշտով,— այս դեմոկրատական երկրին մեջ, ուր միշտ հավասարության մասին կխոսին, շահագործողները նույնիսկ կճգնին առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեղացի և օտար բանվորներու մեջ։ Օտարականը այս պահուս օգտակար է… ֆրանսական արդյունաբերությունը մեծ թռիչք ստացեր է… աշխատող բազուկներու պահանջը անսպառ է, անսպառ էր, մանավանդ, իմ եկած ատենս, արդեն սկսեր են դժվարություններ հարուցել նորեկներու համար, բայց դեռ ոչինչ, պայմանով որ, սակայն, օտարականը իրենց տա իր կենսական ուժերը, իր քրտինքը և արյունը՝ առանց խնայելու…


- Թող այդպես ըլլա,— ըսավ Միհրանը,— կտեսնենք…

Անիկա մտադրեց լարել իր բոլոր ուժերը, տոկալ ֆիզիկապես և բարոյապես և իր մտավորական պրոլետարի տեղը շահիլ պայքարի ճակատի վրա։


Եվ անիկա կդիտեր իր շուրջ բոլորը եռացող կյանքը անսահման հրճվանքով և մեծ քաղաքի որոտուն աղմուկը կլսեր գերագրգռված զգացողություններով… Իրեն կթվեր, որ դեռ ալեկոծ, ծովու մը ափին կանգնած է, բայց շուտով պիտի նետվի անոր մեջ և հաղթանակով պիտի հասնի ցանկալի ափի մը։