Էջ:Barpa Khachik.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղեկ է ողջ6ողջ գերեզման մտնենք… Ականջ մի կախեր, բե՜,— ըսավ ան հետզհետե գրգռվելով,- հազար տարին մեջ մը իմ հին ընկերս, իմ ազիզ աղբարս եկեր է, պիտի սատկիմ նե, թո՛ղ, սատկիմ…


Եվ անիկա գողացող ձեռքով բաժակը տարավ շրթներուն և մեկ ումպով պարպեց։ Հետո ըսավ.


— Իշտե ասկե անդինը չի կա…


Գոհարիկ հանըմը շատ պնդեց, որ Բարպան ճաշի մնալ:


— Հիմա մեծ տղաս ալ կուգա,— ըսավ ան:


Բայց Բարպան հայտնեց, որ Վիկտորյան չէր գիտեր, որ ուշ պիտի մնար, կմտահոգվեր։ Անիկա խոստացավ շուտ- շուտ այցելել ընկերոջը և հրաժեշտ առնելով, դուրս ելավ այդ սենյակեն, որ հանգստավետ մաքրություն կբուրեր, ուր ընկերոջը կինը և զավակները գուրգուրանքով կպահեին հիվանդը, կատարելով անոր բոլոր քմահաճույքները։


«Երանի իրեն,– մտածեց ան, երբ Վահրամին հետ դուրս ելավ դռնեն,— տեսնենք մեր վերջը ի՞նչ պիտի ըլլա»։


Երբ զոնային սահմանին հասան, Բարպան պնդեց, որ Վահրամը ետ դառնա։ Հեռուեն կտեսնվեր լուսաշող քաղաքին փայլը, որ մասամբ կլուսավորեր իր ճամփան։


— Կիրակի օր մը եղբորդ հետ մեզի հրամեցեք,— ըսավ Բարպան Վահրամին։— Միհրանին և Յորկիին ալ կըսեմ, աղվոր օր մը կանցընենք։


— Ամենայն սիրով,—ըսավ Վահրամը, և Բարպան չի տեսավ, որ մութին մեջ երիտասարդը շառագունեցավ հաճույքեն։ Միհրանը հեղինակություն էր այդ երիտասարդներուն համար։


Բարպան մեծ շունչ մը քաշեց, երբ մտավ քաղաք, անիկա քալեց մինչև մետրոյի հաջորդ կայանը, փարիզյան լուսավոր մայթին վրա թոթափելու համար զոնային դժոխային տպավորությունը։ Անիկա անդադար կմտածեր. «Եթե աչքովը չի տեսնողին պատմեն, որ Փարիզի դռներեն քանի մը քայլ անդին այդպես բան կա, չեն հավատար, չեն կրնար հավատալ»։