Էջ:Barpa Khachik.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ

                          ԱՆԶԳԱՄԸ

Պարոն Ռաուլի դարբնոցին մեջ աշխատանքը զգալի կերպով սակավցեր էր, և աշխատավորները, որոնք կտորի վրա կվճարվեին, բավականին ազատ կհամարեին իրենց։ Դեռ անձկությունը չէր գրավեր բանվոր–արհեստավորները, և անոնցմե ամեն մեկը ազատ ժամերը կտրամադրեր իր ճաշակին համեմատ։ Բարպան ևս հանդարտությամբ կկրեր գործերու սակավության հետևանքները, թեև տասնհինգօրյա վճարումներու գումարը զգալի կերպով իջած Էր։


Հաճախ արհեստավորները կխոսակցեին տնտեսական տագնապի մասին։ Բարպան, որ ոչ միայն ծանոթացած Էր հեղափոխական բանվորներու, այլև որոշ գրականություն կկարդար, կպաշտպաներ այն թեզը, որ տնտեսական և այլ տագնապները պիտի հանգեին ընկերային հեղափոխության:


— Դուն բոլշևիկ ես,— կըսեին ընկերներեն ոմանք։


— Օրհնյալ մետե՛կ,— կըսեր Հանրին, ուժեղ թափ մը տալով Բարպայի ուսին։


Բայց, ընդհանրապես, Բարպայի ընկերները կբողոքեին հեղափոխությամբ խնդիրները լուծելու թեզին դեմ։


— Ո՛չ, ո՛չ,– կըսեին անոնք,— ո՛չ արտաքին և ոչ ալ ներքին պատերազմ…Մենք՝ ֆրանսացիներս բավական արյուն թափեցինք, հերի՛ք Է, թող քիչ մըն ալ ուրիշները թափեն։


— Կարծես աշխարհիս ոստիկաններն ենք,— ըսավ օր մը տարեց աշխատավոր մը,— ուր որ բան մը ըլլա, մենք պետք