Էջ:Barpa Khachik.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա թե ինչու երկու երիտասարդները ուրախ էին և բարձր տրամադրության մեջ, երբ մտան Բրոկա փողոցի բանվորական տան վեցերորդ հարկի սենյակը։


Անոնք նախ շշմած մնացին, դիտելով սենյակի այլափոխությունը:


Յորկին իր հիացումը հայտնելու համար նետվեցավ Վիկտորյայի վիզը և սկսավ համբուրել, մինչդեռ Միհրանը գնաց նստավ Բարպայի մոտ և սկսավ խոսիլ իր ծրագիրներու մասին…


— Դուն ինձի ան ըսե,— մրմնջաց Բարպան,– ինչքա՞ն դրամ մնաց քովերնիս։


Միհրանը հանեց թղթապանակը և նախ հաշվեց թղթադրամները, հետո պորտմոնեն հանեց և հաշվեց նիկելե և պղնձե մանրուքը։


— Մենք ունինք,— ըսավ ան,— հարյուր վաթսունհինգ ֆրանկ։


Բարպան մնաց մտածկոտ։


Բայց այդ պահուն Յորկին թողուց Վիկտորյան և, իր կարմրած և խնդուն դեմքը դարձնելով Բարպային, գոչեց.


— Հոգդ մընե՛ր, Բարպա՛… ես չորս հարյուր ֆրանկ ունիմ պահած, հետո աշխատանք ունիմ, միասին կծախսենք, շուտով Միհրանն ալ գործի կմտնե, երկուքով ձեզ կպահենք ծաղկի պես։


— Ատանկ բան չի կա,— ըսավ Բարպան խոժոռելով,— ինձի ալ գործ պիտի գտնաք, ես պարապ նստող ուտողը չեմ…


— Բրավո՛, Բարպա՛, — գոչեց Յորկին,- քեզի ալ գործ կգտնենք… Է՜հ, տղաքնե՛ր,— ավելցուց անիկա աշխուժով,— ես անոթի կմեռնիմ կոր, երթանք ճաշենք…


Վիկտորյան առարկեց.


— Այստեղ, ձեռքի վրա բան մը չե՞նք կրնար ուտել,– ըսավ ան Յորկիին,— դեռ ձիթապտուղ ունինք, քիչ մըն ալ երշիկ կա…


Յորկին ծիծաղեցավ.


— Այս երկրին մեջ, ցացա՛, — ըսավ ան,– ամեն օր արյունոտ բիֆտեկ պիտի ուտես և գինի խմես, ուրիշ կերպ չես դիմանար. տե՛ս երկինքին գույնը…