Էջ:Barpa Khachik.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենքն ալ ճերմակ վարագույրներով ետևեն նայեցան դուրս։


Կարծես անթափանց վարագույր մը իջած էր դուրսը, պատուհանին առաջ, որուն միապաղաղ գորշությունը երբեմն կխտանար ծխնելույզներե դուրս պոռթկացող ծուխի ալիքներով…


— Դե՛հ–, երթա՛նք,— ըսավ Յորկին։


Անոնք գացին անկյունի բանվորական ճաշարանը, ուր այդ ժամուն դատարկ էր գրեթե, իրարու մոտ դրված չորս շարք սեղաններու առաջ ցանցառ թվով և առանձին ճաշողներ արագությամբ կուտեին, անոնք շոֆերներ էին, միայն մեկ սեղանի առաջ նստած էին մարդ մը և կին մը և կխմեին: Մարդը վտիտ, դժգույն, վատառողջ երևույթով երիտասարդ մըն էր, իսկ կինը, ընդհակառակը, մարմնեղ, մինչև ծոծրակը կարմրած, առանց գլխարկի, մազերը ամփոփած գագաթին վրա, ուրկե ըմբոստ թելեր կիյնային այտերուն, կխոսեր խուլ ձայնով։ Մարդը չէր պատասխաներ և անընդհատ կխմեր։ Հանկարծ կինը զայրացամ և սկսավ հայհոյություններ գոռալ. մարդը մնաց անսասան, կարծես թե իրեն չէին պատկաներ կնոջը խոսքերը և հայհոյությունները։


Բարպան և իրենները տեղավորվեցան երկու սեղաններու շուրջը, որ գարսոնը միացուց իրարու։ Յորկին ճաշացուցակը կքններ և կհարցներ սեղանակիցներուն փափագները, երբ անսովոր աղմուկ մը բարձրացավ անկյունի սեղանեն։ Գլխաբաց կինն էր, որ շառաչուն ապտակ մը կիջներ մարդուն քիթին֊բերնին, սեղանին մարմարին վրա գինիի շիշը տապալեր էր, և կարմիր գինին մթագույն արյունի պես կհոսեր… Կինը՝ անլուր հայհոյություններ արձակելով, գնաց դեպի դուռը, բացավ և նետվեցավ փողոց։


Ճաշարանի տերը, գարսոնները, ճաշող շոֆերները՝ գլուխները տնկած, դիտեցին այս տեսարանը, բայց չի միջամտեցին. մարդը, որ տեղեն չէր շարժած, և որուն դժգույն դեմքին վրա ստացած ապտակը կարմիր լայն արատ մը կազմեր էր, կեղծ ժպիտով դարձավ մոտեցող գարսոնին և մեծ հանդարտությամբ ըսավ.


— Մաքրե այս բոլորը և նոր շիշ մը բե՛ր։