Էջ:Barpa Khachik.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան չէր կարող հավատալ իր ականջներուն: Ի՜նչ, ուրեմն աշխատանքը այս երկրին մեջ հանցանք Է… ինչպես գողությունը, խարդախությունը, հասարակ ոճիրները… «Աշխատանքը օրենքով արգիլվա՜ծ, որուն համար պատիժ սահմանվա՜ծ է»,կկներ ինքն իրեն կատաղությամբ։ Ինչքա՜ն չարաչար սխալված Էր, ամեն բանի համար սխալված Էր…


Անիկա փողոցը կանգ առավ և գոչեց. — Ծո՛, ի՛նչ էշ մարդ եմ եղեր ես… Բարպան չուզեց տուն վերադառնալ, խնայելով Վիկտորյային, և համարեց, որ այլևս վտանգավոր էր աշխատանոցը երթալ, որովհետև, կմտածեր անիկա, «ատ հերիֆները կրնան ետևես լրտես դնել և աշխատանքի վայրս իմանալ»։


Բարպան այնպիսի հոգեկան վիճակի մեջ էր, որ ո՛չ կրնար մինակ մնալ և ոչ ալ փափագ ուներ մարդ տեսնելու։ Այսուամենայնիվ, անիկա գնաց կայարան, էլեկտրական գնացքը նստավ, հասավ էնվալիդի կայարանը, ուրկե Սեն- Միշել գացող տրամվայը վերցնելով՝ ուղղվեցավ Լատինական թաղը։ Անիկա կուզեր Միհրանը տեսնել, բայց ժամը երկուքն էր և մինչև ժամը վեցը պետք էր կերպով մը ժամանակը անցներ։


Երբ Բարպան մտավ «Սուրս» սրճարանը, շատ մը սեղաններե վաղեմի ծանոթներ բացականչեցին. — Խեր ըլլա՛, Բարպա՛, գործի օրով ինչպե՞ս կըլլա, որ պարապ ես։


Բարպան դեռ գրգռված վիճակի մեջ էր և դարձեր էր վերին աստիճանի զեղուն, կպատմեր իր գլխուն եկածները և կեզրակացներ.


— Կառավարություն մը, որ աշխատանքը հանցանք կհամարե, ատ կառավարութենեն խեր չի կա։


Ժամը վեցին մոտ ան գնաց կանգնեցավ Միհրանի աշխատանոցի ելքի դռան մոտ։ Երբ Միհրանը տեսավ Բարպան,հասկցավ, որ բան մը կա։


-Ի՞նչ պատահեցավ,Բարպա՛,-ըսավ ան անձկությամբ: